Մարտի 1-ի գործը մտավ դատաքննության փուլ. Քոչարյանի պաշտպանները նիստը բոյկոտեցին

Մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը մտավ բուն դատաքննության փուլ։ Այս գործը նախնական դատական քննության փուլում էր շուրջ երկու տարի։ Մարտի 23-ի նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ գործը մտել է դատաքննության փուլ, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններտ բոյկոտեցին դատական նիստը և հեռացան, իսկ նիստը հետաձգվեց։ Որոշվեց, որ հաջորդ նիստին մեղադրող կողմը կներկայացնի մեղադրական եզրակացությունը։ 

․․․

2018-ի հուլիսին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին։ Գործի քննությունը դատարանում սկսվեց 2019-ի ապրիլին։ Առաջին ատյանում կայացել է ավելի քան 65 նիստ, մի քանի անգամ նիստեր չեն եղել հիմնականում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունների պատճառով։ Երբեմն նիստերն ընդացել են լարված մթնոլորտում։

Գործով անցնող գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երեք անգամ։ Առաջին անգամ նրան դատարանը կալանավորեց 2018-ի հուլիսին։ Նա կալանքի տակ գտնվել է շուրջ կես տարի։ 2020-ի հունիսին Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ 

Դատարաններում պարբերաբար տարաբնույթ, այդ թվում՝ քաղաքական ելույթներ են ունեցել մեղադրյալները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը։

Սա Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործն է, որում շոշափվում է երկրի նախկին և ներկա բոլոր ղեկավարների անունները։ Առաջին ատյանում՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ դատական նիստին եկել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակոս Սահակյանը, նրանց երաշխավորությամբ 2019-ի մայիսին կալանքից ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը։

Միայն վերաքննիչ քրեական դատարանում գործն անցել է 13 դատավորի աշխատասենյակով։ Հրապարակվել է շուրջ 20 որոշում։ Երկու դատավոր (Ալեքսանդր Ազարյան, Մեսրոպ Պապյան) ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործից։ 

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը հասել է նաև Վճռաբեկ դատարան, իսկ մեղսագրված արարքի՝ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության խնդիրը գնացել ՍԴ, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով։