Սոթքի ոսկու հանքավայրում կրճատումներ են սպասվում

Սոթքի ոսկու հանքավայրում կրճատումներ են սպասվում․ այս մասին հայտնի է դարձել մարտի 23-ին Ազգային ժողովում քննարկումներից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, հայտնեց, որ Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման շուրջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենշաբաթյա քննարկումներ է ունենում հանքավայրը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հետ։

Սոթքի ոսկու հանքի թեման սրվեց Գեղարքունիքի մարզում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային ճշգրտումներից հետո։ Հանքավայրի մի հատվածն անցավ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։

Շուշանյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ընկերության հետ բանակցում են ոչ թե առաջիկա մեկ-երկու ամիսներին շահագործումը շարունակելու շուրջ, այլ ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ում նախատեսվում են կրճատումներ, և «300 աշխատակից գործազուրկ է դառնալու»։

Ի պատասխան՝ փոխնախարարը հայտնեց, որ «նման թիվ հչեցնել չի կարելի». «Արտադրական պրոցեսը պահող 700 աշխատակիցները մնալու են»,- ասաց նա՝ հավելելով, որ հնարավոր կրճատումը վերաբերելու է 280 աշխատակիցների։

Սոթքի ոսկու հանքը նշանակալի դեր ունի նաև երկաթուղային բեռնափոխադրման ծավալների հարցում ու Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրման առյուծի բաժինը Սոթքից դեպի Արարատի կորզման ֆաբրիկա հանքաքարի տեղափոխումն է։ Ինչպես ընկերությունից հայտնել են ՍիվիլՆեթին, այս գործընթացը բնականոն շարունակվում է։ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի խոշոր բաժնետերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։

Մեկնաբանել