Եվրախորհրդարանի անդամները Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին․ համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն։
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդագրություններով, որպիսիք մասնավորապես արձանագրված ենք Human Rights Watch-ի վերջին զեկույցում։
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր այդ դեպքերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Պետք է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքն ու արգելել կտտանքները, նվաստացումն ու անմարդկային վերաբերմունքը։
Ափսոսանք ենք հայտնում առ այն, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, ըստ որի՝ պետք է տեղեկատվություն տրամադրեր անազատության մեջ գտնվողների պահման պայմանների, առողջական վիճակի և նրանց վերադարձի ուղղությամբ միջոցների վերաբերյալ։
Մեկ անգամ ևս կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի դրույթների համապատասխան»,- ասված է հայտարարությունում։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հստակ թիվ չի հրապարակվում։ Անցյալ շաբաթ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ «ներկայում Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ»։
Ավելի վաղ՝ մարտի սկզբին, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ռուսաստանյան «Ռիա նովոստիի» հետ զրույցում հնչեցրել էր 100 թիվը։
Փետրվարի կեսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ առ այսօր Ադրբեջանը վերադարձրել է գերության մեջ գտնվող 69 անձի։
Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ գերությունից ազատվել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որն Ադրբեջանից մեկնել է տուն՝ Բեյրութ։