Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի դեմ

Մարտի 23-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին տեղակալ, Հայաստանի Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել առնչվող երկու հրաման, իր օգտին բարենպաստ վարչական ակտ ընդունել և իրեն վերականգնել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում։

Որպես ածանցյալ պահանջ՝ հայցվորը նաև խնդրում է իրեն ներառել պաշտպանության նախարարության N զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել «բոլոր տեսակների բավարարումները»։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։

Ավելի վաղ Տիրան Խաչատրյանը հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրը։

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությունը։ Վարչապետի հայտարարության առնչությամբ Yerevan.Today-ը դիմել էր Տիրան Խաչատրյանին՝ խնդրելով մեկնաբանել «10 տոկոսով պայթելու» հայտարարությունը, ինչին ի պատասխան Տիրան Խաչատրյանը, ըստ լրատվամիջոցի՝ երկար ծիծաղել էր ու պատասխանել. «Իհարկե հնարավոր չէ… Ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ…»։

Մեկնաբանել