Հատուկ քննչական ծառայությունը լուծարվում է

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:

Նախագծերի փաթեթն Ազգային ժողովի նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Ստեղծվելիք կոմիտեն, որը քննելու է բացառապես կոռուպցիոն բնույթի քրեական գործեր, ներառելու է նաև Հատուկ քննչական ծառայության քննչական լիազորություններն ու քննիչներին։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն ընդգրկելու է նաև Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի, Քննչական կոմիտեի կոռուպցիոն քննությունների բաժինները։ 

Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել էր 2007-ին ու օրենքով օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի առնչությամբ քրեական գործերն էր հարուցում ու քննում։