Վարչապետի խոսքով՝ «Սու30»-ի հրթիռների մասին իր հայտարարություններում հակասություն չկա

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր` մարտի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Սու30CM»-ների վերաբերյալ։ Սիմոնյանի խոսքով՝ համացանցում քննարկվում է, որ կան հակասություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ ինքնաթիռի մասին վերջին հայտարարության ու 2020-ի հուլիսի 3-ին Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառման միջև։

Վարչապետը 2020-ին գրել էր. «Մեր «Սու30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել, փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար»։ 

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այս գրառումը համեմատվում է վարչապետի վերջերս կատարած այն հայտարարության հետ, որ այդ ինքնաթիռների համար նախատեսված հրթիռները Կառավարությունը չի հասցրել ձեռք բերել մինչև 2020-ի պատերազմը։

Հարցին պատասխանելով վարչապետն ասաց, որ վերոնշյալ երկու հայտարարություններն իրար չեն հակասում. «Նախ արձանագրենք, որ այդ ինքնաթիռները գերժամանակակից զենք են, բայց այն այդպիսին է իր ամբողջության մեջ՝ իր հրթիռներով և սարքավորումներով։ Ակնհայտ է, որ ինքնաթիռների և տարբեր մոդիֆիկացիաների հրթիռների արտադրողները նույն սուբյեկտները չեն, այսինքն՝ նույն տեղում չեն արտադրվում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020-ի մայիսին և վարժական թռիչքների ժամանակ օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում առկա են եղել Հայաստանի զինանոցում։

Վարչապետը հավելեց, որ պատերազմի ընթացքում կառավարությունը չի հասցրել ձեռք բերել անհրաժեշտ բոլոր հրթիռները, որոնք հնարավորություն կտային «Սու30CM» ինքնաթիռները կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ։