Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակն այդքան կարևո՞ր է. Վիգէն Չըթըրեան

Քաղաքագետ, լրագրող Վիգէն Չըթըրեանը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ՝ Baku Research Institute-ի կայքում (Is the Political Status of Nagorno-Karabakh That Important?)։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցը հակամարտության կենտրոնում է 1988-ից ի վեր։ Այնուամենայնիվ, քանի որ հակամարտությունը մտնում է նոր փուլ, որի ուրվագծերը անհասկանալի են մնում, մինչև ներկային հասնելը ռիսկային է ոչ միայն անցյալի ըմբռնումներով ընթացիկ իրադարձություններին մոտենալը, այլև անցյալը որպես գծային զարգացում վերլուծելը՝ առանց տարատեսակ հնարավորությունների և այլընտրանքների։ Նման բան չկա; այս հակամարտության բնույթը և համատեքստը լուրջ փոփոխությունների են ենթարկվել, որոնք պետք է հաշվի առնել, եթե ձգտում ենք հասկանալ 2020 թ. ղարաբաղյան պատերազմի արդյունքում ստեղծված նոր միջավայրը։

Ինչու է կարևոր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Գուցե կարևոր չէ, համենայնդեպս այդպես է ասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջին ամիսներին նա բազմիցս կրկնել է ոչ միայն որ կարգավիճակի հարցը «լուծված է», այլև որ հակամարտությունն է հանգուցալուծված։ Ավելին, Ադրբեջանի նախագահը նախազգուշացրել է, որ կարգավիճակի հարցը բարձրացնելու ցանկացած փորձ հավասարազոր է խաղաղության խախտմանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված մյուս երկու կողմերը չեն կիսում այդ դիրքորոշումը։ Ո՛չ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Ռուսաստանի ղեկավարությունը չեն կիսում այդ տեսակետը։ Նրանց համար ո՛չ հակամարտությունն է հանգուցալուծված, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ անէական։

Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ ասելով. «Այո՛, այդ խնդիրը գոյություն ունի, քանի որ [Լեռնային Ղարաբաղի] վերջնական կարգավիճակը դեռ կարգավորված չէ: Մենք պայմանավորվել ենք պահպանել ստատուս քվոն»։ Նա հիշեցրեց 2008 թ. պատերազմը Վրաստանում՝ նախազգուշացնելով. «Հարավային Օսիայում մեր խաղաղապահների վրա հարձակումներից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը»։

Եթե համաձայնենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված, և որ այն հակամարտության կարգավորման կարևոր մասն է, ապա պետք է նաև նշենք, որ դրա կարևորությունը տատանվում է մեկ դերակատարից մյուսին անցնելիս։

Վերջերս Սամիր Իսաևի հեղինակած հոդվածում այս նրբանկատ հարցը տրվում է երկար հետադարձ հիշողության միջոցով, որպեսզի հակասի Ադրբեջանի նախագահի դիրքորոշմանը և հետևություն անի. «Պատերազմը ավարտված չէ և չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել կարգավիճակի հարցը»։ Հեղինակը առաջ է գնում և առաջարկում. «Բայց կարգավիճակի հարցի լուծումն առանց փոխզիջման անհնար է։ Ինչպիսի՞ն կարող է լինել այդ փոխզիջումը։ Կա միայն մեկ ճանապարհ՝ հայերի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի անկախության գաղափարից և խնդրի լուծումը Ադրբեջանի ֆորմալ տարածքային ամբողջականության շրջանակում։ Մինչդեռ Ադրբեջանը պետք է բանակցությունների սեղանին վերադարձնի ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը, որը երբևէ խոստացել է։ Ակնհայտ է, որ հանրությունը երկու կողմից էլ կտրականապես կմերժի իմ առաջարկը, բայց կարծես թե սա է կարգավիճակի հարցի լուծման միակ տարբերակը։ Եթե դա չընդունվի, կմնա միայն պատերազմի հնարավորությունը»։

Չնայած ես կիսում եմ Իսաևի մտահոգությունը, որ հակամարտության դադարեցման համար դեռևս անհրաժեշտ է քաղաքական համաձայնագիր, և որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը դեռ պետք է որոշվի ապագա այդ համաձայնագրով, ես ունեմ որոշ հարցեր, որոնք արժանի են հետագա քննարկման: Ես համոզված չեմ այն եզրահանգման հարցում, ըստ որի՝ «միակ տարբերակը» Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձրագույն ձևն է, և թե ինչ կարող է դա նշանակել գործնականում։

Բայց վերջնական կարգավիճակից առաջ ինձ համար նաև անհարմար է անցյալի գծային մտածողությունը, որը հանգեցնում է «միակ» հնարավոր եզրահանգման։ Կարծում եմ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը արմատապես փոխեց այն իրավիճակը, որում զարգացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 1994-2020 թթ. ժամանակահատվածում։ Այս փոփոխությունը հասկանալու և նոր խաղի կանոնները գնահատելու համար անցյալի և ներկայի ցանկացած ընթերցում պետք է ընկալել համատեքստին համահունչ։

Մինչ նոր և ծավալվող իրադարձություններին անցնելը ես կպնդեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն մի քանի անգամ փոխել է համատեքստը, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մոտեցել կարգավիճակի հարցին։ Այդ փոփոխությունները գնահատելու համար մենք պետք է հրաժարվենք գծային մտածողությունից և ներառենք փոփոխության, պատահականության և չկանխամտածված հետևանքների տարրեր՝ պատմական անցյալի հարուստ կառուցվածքի մեր վերծանման մեջ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է կարգավիճակի խնդիրը։ Դա ինքնին այդ տարածքի կրկնակի ինքնության արտացոլումն է 1920-ական թթ ի վեր. ԽՍՀՄ-ի համար Լեռնային Ղարաբաղը եղել է միաժամանակ հայկական և ադրբեջանական։ Հայկական, քանի որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) տեղական ինքնավարության աստիճանով, ինչպես դա հասկանում էին ԽՍՀՄ-ում, տրամադրվել է հենց նրա բնակչության էթնիկ հայկական բնույթի համար։ Ադրբեջանական, քանի որ այն դրվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում, որը երբեմնի հզոր Խորհրդային Միության մաս էր։ Ինչ-ինչ պատճառներով (սույն հոդվածի շրջանակներից դուրս) բնակչությունը, ինչպես նաև ԼՂԻՄ-ում տեղի հայկական կուսակցական վերնախավը դժգոհ էին այդ լուծումից և դա համարում էին իրենց հանդեպ խտրական։

Նրանք կարծում էին, որ իրենց խնդրի լուծումը Խորհրդային Ադրբեջանից անջատվելն ու հարևան Խորհրդային Հայաստանին միանալն է։ Նրանք բարձրացրին խորհրդային ինստիտուցիոնալ տրամաբանության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխության հարցը։ Այժմ, հետադարձ հայացք նետելով, մենք գիտենք, որ դա հսկայական հակամարտություն առաջացրեց, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, հարյուր հազարավոր տեղահանվածների, ամբողջական համայնքների ոչնչացման, և հակամարտությունը մինչ այսօր մնում է չլուծված: Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի ունեցավ կողմերի միջև, այսօր դժվար է պատկերացնել այն սկզբնական իրավիճակը, երբ Լեռնային Ղարաբաղի խնդիրն ի սկզբանե առաջ քաշվեց դեռևս 1988 թ.։ Ղարաբաղի հայերը ոչ միայն չէին պատկերացնում, թե ինչպիսին կարող են լինել իրենց արարքի հետևանքները, այլև կարծում էին, որ Մոսկվայի բարեփոխիչ ղեկավարությունը հեշտությամբ կլուծի խնդիրը իրենց օգտին։

Մի՞թե նրանք միամիտ էին։ Հաստատ։ Բայց նրանք ապրում էին Խորհրդային Միության կազմում, որտեղ քաղաքականությունը նեղ իշխող շրջանակից դուրս արգելվում էր։ Միակ ինքնիշխան, որոշումներ կայացնող կառույցը Պոլիտբյուրոն էր։ Ղարաբաղի հայերը կարծում էին, որ կենտրոնը Պերեստրոյկայի ոգով հեշտությամբ կարող է իրենց օգտին որոշում կայացնել։ Այդ ժամանակ նրանք հաշվի չէին առել, թե ինչ արձագանք կլինի Բաքվում։ Բայց ժողովրդական համախմբան միջոցով, որն իր տեսակի մեջ առաջինն էր Խորհրդային Միությունում, նրանք չգիտակցեցին, որ դառնում են երկրորդ սուվերեն և խաթարում են Պոլիտբյուրոյի հեղինակությունը։ Նրանք չէին կարող պատկերացնել, որ իրենց համախմբումը զուգահեռ համախմբում կառաջացնի Ադրբեջանում, և որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աստիճանաբար կդառնա ժամանակակից ադրբեջանական ազգային ինքնության անկյունաքարը։

Արձագանքն Ադրբեջանում ոչ միայն եղավ սումգայիթյան ջարդերի տեսքով, այլև հայտնվեց երրորդ սուվերենը՝ այս անգամ ադրբեջանական ժողովրդական համախմբումը։ Այն, ինչ Ղարաբաղի հայերը պատկերացնում էին որպես երկկողմ քաղաքական հարց, հաշված շաբաթների ընթացքում վերածվեց եռակողմ պայքարի։

1988-1991 թթ. ժամանակահատվածը կարևոր է նրանով, որ շատ զուգահեռներ ունի ներկա իրավիճակի հետ։ Ահանգստացնող է այն, որ կարգավիճակի հարցը բազմիցս փոխվել է. սկզբում Ղարաբաղի հայերը, ինչպես և Ղարաբաղ կոմիտեն Հայաստանում, պայքարում էր Ղարաբաղը Հայաստանին միավորելու կարգախոսի ներքո։ Շուտով իրավիճակը փոխվեց. արդեն 1991 թ. Երևանի դիրքորոշումն ավելի մանրանկատ էր։ Այն հանդես էր գալիս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, այլ ոչ թե Հայաստանի հետ միավորվելու օգտին։ ԼՂԻՄ-ը 1991 թ. սեպտեմբերին անցկացրեց անկախության, ոչ թե Հայաստանի հետ միավորվելու հանրաքվե։ 1988 թ. փոփոխությունների համար հայկական պահանջը դուրս չէր գալիս ինքնիշխանության սահմաններից, քանի որ ԼՂԻՄ կարգավիճակի փոփոխությունը պետք է վարչական փոփոխություն դառնար խորհրդային սահմանների շրջանակում։

Խորհրդային Միության փլուզումը փոխեց հակամարտության համատեքստը։ 1991-ին նույն պահանջը կարող էր կասկածի տակ դնել այն, ինչը դարձել էր ինքնիշխան պետության՝ անկախ Ադրբեջանի սահմանները։ Հակամարտության վերաբերյալ Երևանի դիրքորոշումը, որը հրաժարվում էր միավորման նախկին պահանջներից, ոչ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո նոր իրողություններին հարմարվելն էր, այլև Բաքվի հետ փոխզիջում փնտրելու պատրաստակամությունը:

Ադրբեջանը ևս բազմիցս փոխել է իր դիրքորոշումները՝ համատեքստի փոփոխմանը զուգահեռ։ Միջպատերազմյան շրջանում (1994-2020) ադրբեջանական դիրքորոշումն էր Ղարաբաղի հայերին «աշխարհում առկա հնարավոր ամենաբարձր ինքնավարություն» տալը։ Իլհամ Ալիևի նախկին այդ դիրքորոշումը փոխվեց «մշակութային ինքնավարության», որը խոստացվել էր պատերազմի ժամանակ, իսկ պատերազմից հետո դարձավ ոչ մի կարգավիճակ։ Լայնորեն տարածված է կարծիքը,- թեև մինչ օրս որևէ պաշտոնական փաստաթուղթ չի հրապարակվել,- որ Քի Ուեսթի (2001 թ. ապրիլ) բանակցություններում այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը պատրաստ էր թույլ տալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տեղական հանրաքվեի կազմակերպում՝ Հայաստանի հետ համապարփակ խաղաղ համաձայնագրի շրջանակներում։ Ի վերջո, Ալիևի և Քոչարյանի միջև երկարատև բանակցություններից հետո խաղաղության որևէ համաձայնություն չկայացավ։ Ասել է թե՝ Բաքուն և Երևանը փոխեցին իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ՝ կախված փոփոխվող համատեքստից։

Ինքնավարություն և ժողովրդավարություն

Իսաևի առաջարկած լուծման՝ ինքնավարության առավելագույն հնարավոր մակարդակի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ այն չափազանց մոտ է 26 տարվա ընթացքում կողմերի քննարկած մոդելին։ Եթե այս մոդելը նախկինում հակամարտող կողմերին չի բավարարել, ապա որո՞նք են փաստարկները, որ սա իդեալական է և միակ հնարավոր տարբերակն է։ Ավելին, Բաքվի առաջարկած հնարավոր առավելագույն ինքնավարության մակարդակի հարցը կասկածելի է՝ իր ոչ բավարար մանրամասների պատճառով։ Փաստարկը, որ բերվում է այլուր, հետևյալն է․ «Այն, թե ինչպես են կառավարությունները վարվում քաղաքական այլախոհների հետ, տարբերվում է, թե ինչպես են նրանք վերաբերվում փոքրամասնություններին»։ Դա համոզիչ կլինի միայն այն դեպքում, երբ փոքրամասնություններին դիտենք որպես երկրորդ կարգի քաղաքականապես պասիվ սուբյեկտներ, որոնց թույլատրված է միայն համաձայնել պաշտոնական գծի հետ։

Այլ կերպ ասած, էթնիկ, կրոնական, լեզվական, ցեղային և փոքրամասնությունների այլ հարցերի լուծման գործընթացն անքակտելիորեն կապված է այն բանի հետ, թե որքանով են իրավաբանները, լրագրողները, ՀԿ-ները, քաղաքական կուսակցությունները, այլախոհ մտավորականները, արհմիությունները և նմանօրինակ այլ սոցիալական խմբերը տվյալ քաղաքական համակարգում օգտվում քաղաքական իրավունքներից: Եվ մնում է հարցը՝ ինչպես կարող է Ադրբեջանի քաղաքական համակարգը հանդուրժել ինքնավարության ամենաբարձր մակարդակ մի տարածաշրջանում, որտեղ Բաքուն վարել է երկու դաժան էթնո-տարածքային պատերազմներ, երբ Ադրբեջանի քաղաքացիները Բաքվում, Գյանջայում, Լենքորանում և այլուր չեն օգտվում իրենց հիմնարար սահմանադրական իրավունքներից։

Նոյեմբերի 9-ի նախօրեին, երբ Հայաստանը ստորագրեց անբարենպաստ գործարքը, մեզանից շատերը կարծում էին, որ հաջորդ օրերին Փաշինյանի վարչակազմը կտապալվի, և որ նրա քաղաքական կարիերան ավարտին է հասել: Հիմա՝ չորս ամիս անց, Փաշինյանը դեռ Հայաստանի վարչապետն է: Մինչ Հայաստանում հետպատերազմյան քաղաքական ճգնաժամը շարունակվում է՝ կարելի է ասել, որ պատերազմը և հայերի պարտությունը չի փոխել 2018-ի ժողովրդական համախմբումից հետո ի հայտ եկած ներքաղաքական դինամիկան: Պատերազմի ընթացքում հայ հանրությունը ոգևորված էր ազգայնականությամբ, բայց հետպատերազմյան հանրային կարծիքը կարծես վերադառնում է ներքին բարեփոխումների, տնտեսական առաջընթացի և սոցիալական արդարության շուրջ մտահոգություններին:

Հայաստանում հանրային կարծիքի վերջին հարցումը, որ հրապարակել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (2021 թ. փետրվար), ցույց է տալիս, որ հասարակության գլխավոր մտահոգությունը տնտեսական իրավիճակն է, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցը երկրի առաջնահերթությունների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը: Հայաստանը մտնում է հետազգայնականության շրջա՞ն։ Հնարավոր է, որ դեռ վաղ է նման բան պնդելը, բայց շարունակական կարծրատիպն այն մասին, որ Հայաստանում հասարակական կարծիքը կոշտ է տրամադրված՝ խոչընդոտելով Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումային որևէ լուծման, չունի փաստացի աջակցություն։

Թե ինչպես կզարգանա հասարակական կարծիքը հետպատերազմյան Ադրբեջանում, ավելի բարդ հարց է: Ճիշտ է՝ անցյալում և հատկապես ռազմական առճակատումների համատեքստում, Ադրբեջանում հայտնվեց պատերազմի կոչով համախմբված հասարակություն: Դա այդպես էր 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ, բայց հատկապես 2020-ի հուլիսյան բախումներից հետո, երբ ամբողջ Ադրբեջանում բողոքի ինքնաբուխ ցույցերը պատերազմ էին պահանջում՝ Ղարաբաղյան առաջին պատերազմում կորցրած տարածքները վերադարձնելու կոչով։

Ապագայի շուրջ շահարկումները միշտ էլ բարդ են, քանի որ պատմությունը հաճախ է զարմացնում: Սակայն, մի էական տարր կփոխվի միջնաժամկետ հեռանկարում՝ 1994-2020 թթ․ ադրբեջանական խմբային ինքնությունը գլխավորապես հիմնված էր մյուսի՝ «հայկական թշնամու» կատարյալ կերպարի վրա: 1991-94 թթ. պատերազմում կրած պարտության, տարածքային կորուստների, հարյուր հազարավոր ներքին տեղահանվածների գործոնները ստեղծեցին զոհ լինելու նարատիվը, ինչը նպաստեց կենտրոնացված և ավտորիտար կառավարման ի հայտ գալուն:

2020 թ. պատերազմից և Ադրբեջանի ռազմական հաղթանակից հետո հայ թշնամու դեմ համախմբող այս կոչը կկորցնի իր գործնականությունը: Պատերազմից հետո ո՞ր գործոններն են ազդելու Ադրբեջանի հավաքական ինքնության վրա, առանցքային և բաց հարց է: Կրկին՝ դա կախված կլինի համատեքստից, որն ակնհայտորեն փոխվել է 2020 թ. պատերազմից հետո: Մեկնաբաններից շատերը կարծում են, որ Ադրբեջանը մտել է երկարատև ավտորիտար ժամանակաշրջան, քանի որ պատերազմը ամրապնդել է Ալիևի վարչակարգը, և որ ադրբեջանական ավանդական ընդդիմությունը գրեթե վերացել է՝ իրենց պատերազմամետ դիրքորոշման պատճառով։ Այնուհանդերձ, 2020 թ. իրադարձությունները նոր հարթություն մտցրեցին ադրբեջանական քաղաքական ասպարեզ, մի բան, որը բացակայում էր 1990-ականներից՝ համախմբված հանրային կարծիք:

Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների միջև Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտն էր: Կարգավիճակի հարցն այսօր Երևանի ազդեցության շրջանակից դուրս է: Դա մի հարց է, որը հիմնականում կարգավորելու են մնացած երեք դերակատարները՝ ակնհայտորեն՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, որը փոխարինել է Երևանին՝ որպես Ղարաբաղի հայկական անվտանգության երաշխավոր և, իհարկե, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Կարգավիճակը կշարունակի կարևորագույն նշանակություն ունենալ Ղարաբաղի հայերի համար, որոնք գոյութենական վտանգ են զգում Ադրբեջանի քաղաքականությունից։ Հիմա Բաքուն պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ շարունակել ճնշում գործադրել Ստեփանակերտի վրա, որի դեպքում Ղարաբաղի հայերը կձգտեն ավելի սերտ ինտեգրվել Ռուսաստանի հետ, ինչպես հուշում է ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մասին վերջին օրենքը, կա՛մ փորձել նվազեցնել ճնշումը, ամենօրյա կարգավորել հարաբերությունները Ղարաբաղի հայերի հետ և ձևավորել փափուկ ուժի գործիքներ: Պատերազմից մի քանի ամիս անց դեռ պարզ չէ, թե ինչ քաղաքականություն է ցանկանում վարել Բաքուն:

Ի՞նչ սպասել

2008-ից ի վեր ես ավելի ու ավելի էի համոզվում, որ մենք կարող ենք խուսափել երկրորդ պատերազմից: Ոչ թե այն պատճառով, որ Բաքուն և Երևանը վերջապես առաջընթաց ունեին հակամարտությունների կարգավորման հարցում, այլև որ վերսկսված պատերազմի գինը դառնում էր չափազանց թանկ՝ պատերազմող երկու կողմերի համար էլ: 2008-ին Կովկասում բռնկվեց մեկ այլ պատերազմ՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև: Սա նշանավորեց ոչ միայն Ռուսաստանի առաջխաղացումը Հարավային Կովկասում, այլև նրա ուժային վերադարձը միջազգային ասպարեզ: Երբ ռուսական տանկերը Ռոքիի թունելից իջան ներքև, ամերիկյան զինված ուժերը չմիջամտեցին իրենց վրացի դաշնակցին պաշտպանելու համար: 2015-ի Լավրովի պլանը և 2016-ի ապրիլյան բախումներն ավելի պարզ էին դարձնում հետևյալը՝ հայ-ադրբեջանական նոր պատերազմը ավարտվելու էր ղարաբաղյան հակամարտության թատերաբեմում ռուսական զորքերի հայտնությամբ:

Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը ընդհանուր շահ ունեին՝ չզոհաբերել իրենց ինքնիշխանության տարրերը: Բայց դրա համար անհրաժեշտ էր նվազեցնել ճնշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, սկսել հանրային նոր դիսկուրս և որոնել տևական այս հակամարտությունը վերջնականապես լուծելու ուղիներ: Փոխարենը, ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում առաջնորդները սաստկացրին սադրիչ գործողությունները և հայտարարությունները մինչև պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 27-ը: Երբ երկու փոքր պետություններ անընդմեջ վիճում են, նրանց պետք է իրական Deus ex-machina (անակնկալ և կտրուկ միջամտություն)՝ հարցերը լուծելու համար։ Պատմության ընթացքում կայսրությունները այսպես են կառուցվել և գոյատևել:

Այսօր Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի վրա Երևանն այլևս անմիջական ազդեցություն չունի։ Նույնիսկ Երևանից Ստեփանակերտ մեկնող պաշտոնյաները պետք է անցնեն ռուսական ռազմական անցակետով: Սա է 2020-ի պատերազմում հայկական ռազմական պարտության գինը:

Իսկ Ադրբեջանն իր ռազմական հաղթանակի համար այլ գին է վճարել՝ ռուս զինվորականների վերադարձը Ղարաբաղի թատերաբեմ: Սա ինձ հիշեցնում է ԼՂԻՄ քաղաքական կարգավիճակի ևս մեկ տարբերակ՝ Արկադի Վոլսկու օրոք Ղարաբաղի ուղիղ կառավարումը Մոսկվայից, որը տևեց մեկ տարի՝ մինչև 1990 թ. հունվար: Լեռնային Ղարաբաղի փաստացի կարգավիճակն այսօր կարծես թե նման է դրան, բայց խորհրդային Պոլիտբյուրոյի ներկայացուցիչ Վոլսկու դերում Ռուստամ Մուրադովն է՝ որպես ռուս զինվորականների ներկայացուցիչ: Եթե 1994-ի մայիսից մինչև 2020-ի սեպտեմբերը Բաքուն Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդրի համար ստիպված էր խոսել Երևանի հետ, ապա այժմ նա ստիպված է բանակցել Կրեմլի հետ:

Ես հիշում եմ, թե ինչպես էր Վաֆա Գուլուզադեի նման ադրբեջանցի քաղաքական առաջնորդը պնդում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իրականում պայքար է անկախություն ձեռք բերել փորձող Ադրբեջանի և այն ռուսական կայսերական հին գերիշխանության ներքո պահելու ծրագրի միջև: Այս մտավոր քարտեզում Հայաստանն ու Ղարաբաղի հայերը գոյություն չունեին, նրանք գործոն չէին, բացի կայսերական մտահղացման գործիք լինելուց: Ղարաբաղյան երկրորդ պատերազմով այս գաղափարը վերածվեց ինքնաշխատ մարգարեության:

Հետ-թավշյա Հայաստանը այժմ հաստատ վերադարձել է Ռուսաստանի ազդեցության գոտի, և Հայաստանի ցանկացած ղեկավարի համար մանևրելու սահմաններն ակնհայտորեն կրճատվել են: Իսկ ի՞նչ ասել Ադրբեջանի մասին։ Ինչպե՞ս են Բաքվի ռազմավարները վերահսկելու ադրբեջանական բանակի ներսում աճող թուրքական ազդեցությունը, ակնհայտ իսրայելական ազդեցությունը, ռուսական ռազմական ներկայությունը և իրանական աճող վախը: Նոյեմբերի 9-ից հետո Կովկասում աշխարհաքաղաքական ենթատեքստը հնարավոր չէ հասկանալ նույն շրջանակով, ինչ կար մինչև սեպտեմբերի 27-ը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իհարկե, լուծված չէ: Այնուամենայնիվ, հետպատերազմյան աշխարհաքաղաքականության մեջ այն կարող է չլինել նույնքան կարևոր, որքան նախկինում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Վիգէն Չըթըրեանը Պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս է Ժնևի համալսարանում և Ժնևի Վեբստերի համալսարանում: Նա «Պատերազմը և խաղաղությունը Կովկասում, Ռուսաստանի անհանգիստ սահմանը» (2009) և «Բաց վերքեր: Հայերը, թուրքերը և ցեղասպանության դարը» (2015) գրքերի հեղինակն է։

Մեկնաբանել