Արցախցիներին հյուրընկալող անձանց աջակցության ծրագիրը երկարաձգվեց

Կառավարությունը մարտի 25-ին որոշեց երեք ամսով երկարաձգել պատերազմի հետևանքով տուժած արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության ծրագիրը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ ծրագիրը գործում է դեկտեմբերից. «Այն հնարավորություն է տալիս Հայաստանի և Արցախի հանրապետությունների այն քաղաքացիներին, որոնք իրենց կացարանում ժամանակավորապես հյուրընկալում են արցախցիներին, մեկ չափահաս անձի հաշվարկով ստանալ 30 հազար դրամի աջակցություն Հայաստանում և 45 հազար դրամի՝ Արցախում»։

Ըստ նախարարի՝ ամսական կտրվածքով աջակցություն է ստանում շուրջ 3 000 հյուրընկալ, որոնք հյուրընկալում են 7 000-ից ավելի չափահաս քաղաքացիների։ Բացի այս ծրագրից՝ արցախցիների մի փոքր հատված ժամանակավոր բնակվում է հյուրանոցում։ Առաքելյանը հայտնեց, որ այդ ծախսերը ևս կառավարությունն իր վրա է վերցրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքվեց, թե արդյոք արդյունավե՞տ է աշխատում ծրագիրը, ինչին նախարարը պատասխանեց, որ սկզբնական շրջանում տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք հետագայում լուծվել են։

Նա նաև տեղեկացրեց, որ ներկայում Հայաստանում ժամանակավորապես բնակվում է 25-30 000 արցախցի։

Մեկնաբանել