0 %-ով մինչև 1 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի ծրագիրը կերկարաձգվի մինչև հոկտեմբերի 1-ը

Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը կերկարաձգվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Այս միջոցառման շրջանակում գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվում 0 տոկոսով ձեռք բերել մինչև 1 մլն դրամ վարկեր, տոկոսները սուբսիդավորում է Կառավարությունը։

«Առաջարկում ենք երկարաձգել մինչև հոկտեմբերի 1-ը, մինչև որ ամբողջությամբ վստահ կլինենք, որ գյուղատնտեսությունը, և ընդհանրապես, տնտեսությունը վերականգնվել են»,- Կառավարության այսօրվա՝ մարտի 25-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ տնտեսավարողները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում միկրովարկերի նկատմամբ, մասնավորապես 2020 թվականի դեկտեմբերի 30–ի դրությամբ տրամադրվել է 36 608 միավոր վարկ 63,4 մլրդ դրամի չափով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն 26 870 միավորը 21,6 մլրդ դրամ գումարով կազմել են մինչև 1,0 մլն դրամ գումարով միկրովարկերը։

Հարցին, թե նախորդ տարի ծրագրից օգտվածները այս տարի կարող են 0 % տոկոսով վարկեր ստանալ, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Դա բանկերի հայեցողությանն է թողնված, բանկերի իրենք են որոշում՝ ում տալ, ում չտալ վարկ»։

Մեկնաբանել