Պետական դավաճանությունը կպատժվի ընդհուպ ցմահ ազատազրկմամբ

Ազգային ժողովը մարտի 25-ին միաձայն՝ 112 ձայնով ընդունեց պետական դավաճանության և լրտեսության համար առավել խիստ պատիժ, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում նախատեսող նախագիծը, որը հեղինակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Խմբակցությունն առաջարկում է պետական դավաճանության համար նախատեսված՝ 15-20 տարի ժամկետով ազատազրկումը խստացնել՝ ավելացնելով նաև ցմահ ազատազրկում։ Այսինքն՝ դատարանը պետք է որոշի՝ անձին ազատազրկում է մինչև 20 տարի ժամկետով, թե՝ ցմահ։ Կառավարության առաջարկով նման խիստ պատիժ է ավելացել նաև լրտեսության համար։

«Ներկայացվել է գույքի բռնագրավումը՝ որպես լրացուցիչ պատժատեսակ սահմանելու առաջարկը, ինչպես նաև լրտեսության հանցակազմի դեպքում որպես այլընտրանքային պատիժ նախատեսել ցմահ ազատազրկումը։ Դրանք ընդունվել են, մենք առարկություն չունենք»,- նախագծի քննարկման ժամանակ ասել է արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը։

Նախագծի համահեղինակներից «Բարգավաճ Հայաստանի» անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ իրենց նպատակն ի սկզբանե եղել է խստացումը. «Մենք երկու հանցանքների՝ պետական դավաճանության ու լրտեսության համար սահմանում ենք ամենախիստ պատիժը»։

Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Հայաստանի դատարանները քննել են պետական դավաճանության վեց գործ՝ 15 անձի վերաբերյալ։ Այդ գործերից միայն երկուսն է դռնբաց կարգով քննվել։ Ամենախիստ պատիժը, որ դատարաններն ընտրել են ամբաստանյալներից երկուսի նկատմամբ, 14 տարվա ազատազրկումն է։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել