Պայմանագրայինների ծառայության անցնելու տարիքային շեմը բարձրացնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Ազգային ժողովը մարտի 25-ին 112 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը բարձրացնող «Լուսավոր Հայաստանի» նախագիծը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավված շարքային ծառայողների համար սահմանային տարիքը 40 տարեկանն է, իսկ ենթասպաների համար` 45–ը։ Ընդդիմադիր խմբակցության առաջարկով այդ շեմը բարձրանում է մինչև 63 տարեկանը:

«Լուսավոր Հայաստանը» նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողը, ազատվելով աշխատանքից, հաճախ մեկնում է արտագնա աշխատանքի այն դեպքում, երբ ցանկություն ունի և ունակ է շարունակել ծառայությունը Զինված ուժերում կամ այլ զորքերում:

Խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ այս նախագիծը նոր հնարավորություն է բացում հատկապես Սյունիքում, Գեղարքունիքում և Տավուշում բնակվող քաղաքացիների համար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել