Մոտ 120 հազար արցախցիներ այսօր բնակվում են Արցախում․ Արայիկ Հարությունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Հայաստանի Կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել է Արցախում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնել հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ․ «Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է»։

Հարությունյանի խոսքով՝ մինչև 30 հազար արցախցիներ էլ գտնվում են Հայաստանում և շատ քիչ մասն է լքել ՀՀ տարածքը: Ըստ Արցախի նախագահի՝ այժմ ամենակարևոր խնդիրը բնակարանաշինությունն է։

«Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ: Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,5 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Մեկնաբանել