Գիտությունը՝ լուծումների սպասելիս

Մարտի 11-ին տեղի ունեցավ «Գիտուժ» նախաձեռնության անդամների հանդիպումը կառավարության ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարը և այլք։ Գիտության զարգացման խնդիրների և հեռանկարների շուրջ ՍիվիլՆեթի Ժաննա Ավագյանը զրուցել է «Ռոբոմարդ» ընկերության համահիմանդիր Տիգրան Շահվերդյանի և «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ։ Շահվերդյանի և Փախչանյանի մտքերը խմբագրումներով և կրճատումներով ներկայացված են ստորև։

Ինչու գիտության ոլորտը գրավիչ չէ երիտասարդների համար

Ա․ Փ․ – Հայաստանի գիտությունը կարիք ունի ներհոսքի՝ ֆինանսական և պետության ուշադրության, որ մենք ունենանք գիտություն։ Մենք հիմա ունենք ոչ թե խղճուկ, ճահճացած վիճակ, այլ գիտության անկում։ Եթե այսպես շարունակվի, հինգ տարի հետո Հայաստանում գիտություն ընդհանրապես չի լինի։ Մենք կվերածվենք բացարձակ բանանային հանրապետության, որը ոչինչ չունի աշխարհին տալու։ 

Մեր մտահոգութունը այն է, որ առաջարկվող լուծումները ռազմավարական բնույթ չեն կրում, տեղային են։ Այդպիսի լուծումներ տարբեր կառավարություններ նախկինում առաջարկել են, և այն, ինչ հիմա մենք ունենք, այդ մոտեցման արդյունքն է։ 

Մեր հիմնական խնդիրը երիտասարդների՝ դեպի գիտություն ներհոսքի բացակայությունն է կամ շատ փոքր քանակը։ Հենց դա է մեզ սպառնում, որ եթե չունենանք կադրերի համալրում, գիտության մեջ սերնդափոխութուն, ապա կխզվի սերունդների միջև կապը, և այլևս մենք գիտնականներ չենք ունենա։ Երիտասարդ ուսանողները երբեք չեն դառնա գիտնական, եթե չաշխատեն գործող փորձառու գիտնականների հետ։ Պարզապես մենք չենք ունենա գիտություն։ Դա հեքիաթ, անիմաստ սպառնալիք է թվում, բայց իրականություն է, պետք է ուղղակի գիտակցել և հասկանալ։

Տ․Շ․ – Հիմա մենք ունենք մոտավորապես 4 000 գիտաաշխատող, որը շատ փոքր թիվ է։ Մեկ միլիոն բնակչության համար մոտավորապես 1300 մարդ, որը եվրոպական միջինից կրկնակի ցածր է։ Այս թիվն էլ շատ արագ նվազում է։ Այդ 4 000-ից 2 500-ը գիտական աստիճան ունեն, որոնցից 1 000-ը  65 տարեկանից բարձր են։ Կարելի է հաշվել, որ հինգ տարի հետո այդ մարդիկ գիտութունից դուրս են գալու՝ կա՛մ թոշակի անցնելու, կա՛մ կյանքից հեռանալու պատճառով։ Այսինքն մենք տարեկան միջինը 200 գիտնականի կորուստ ունենք։ 

Այսինքն, եթե մենք պահպանման խնդիր ուզենայինք լուծել, մենք պետք է կարողանայինք ամենաքիչը այդքան երիտասարդների ներհոսք ապահովել։ Իսկ մեր ասպիրանտական տեղերը մոտավորապես 150-ն են։ Պարզ է, որ նրանց շատ չնչին տոկոսն է գնում գիտության կարիերայի։ Ներհոսք գրեթե չկա, մոտ 20-30 հոգի են։ Եթե մենք փորձենք այդ քանակով վերարտադրենք, դա լինելու է մոտ 50 տարուց:

[…]

Պետք է հասկանալ՝ որտեղ գիտելիքը ստեղծվում է, այնտեղ էլ շատ մեծ արագությամբ սկսում է կիրառվել։ Ոչ ոք չի նստելու սպասի, որ ուրիշ տեղից վերցնեն և կիրառեն։ Հենց այն մարդը, ով ստեղծել է այդ գիտելիքը, արագ վազելու է կիրառելու։ Այդտեղ մենք սկսելու ենք երկրորդական դեր ունենալ, այսինքն կորցնելու ենք  առաջինը լինելու, կիառելու հնարավորությունը։

Կրթություն – գիտություն – արդյունաբերություն շղթայի մասին

Ա․Փ – Ամեն տարի բուհական համակարգ է մտնում մոտ 15 000 երիտասարդ։ Ակնկալում ենք, որ գոնե տարեկան 500 երիտասարդ կմտնի գիտություն։ 15 000-ից 500-ը շատ փոքր թիվ է, և կարող ենք ունենալ բավականին լավ ընտրություն։ Մենք այդ 15 000-ի որակն էլ պետք է կարողանանք բարելավել, դրա համար ջանքեր են պետք։

Կան կրթված, շատ լավ սովորող երիտասարդներ, բայց նրանք գնում են այլ ոլորտներ։ Գիտութան մեջ իրենց չեն տեսնում, որովհետև այնտեղ չկա հնարավորություն ընտանիք կառուցելու և ապահովելու։ Հնարավորություն չկա Հայաստանում գործելու, որովհետև գիտության ոլորտում աշխաատեղերը շատ քիչ են և շատ ցածր վարձատրվող։ Բացի դրանից, գիտությունը կրթության համար սահմանում է որոշ նշաձող, և եթե դու չունես այդ նշաձողը, քո կրթությունն էլ չի աճում։ Եթե կարիք չկա ապահովել այդ բարձր մակարդակը, որ մարդը դառնա գիտնական, քո ամբողջ կրթական մակարդակը ավելի ցածր պայմանների է հարմարվում, և այդ պայմանները գնալով ավելի նվազում են։ Այլ ոլորտներում այդ աստիճան բարձր պահանջ չկա, չի դրվում, գիտությունն է կրթության մակարդակի չափանիշը։ Եթե դու կարիք ունես ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, պատմաբաններ  արտադրելու, այդ դեպքում ստիպված ես քո ամբողջ կրթությունը շղթայել։ Մի խնդիր էլ կա․ եթե մենք այսպես շարունակենք, հինգ տարի հետո Հայաստանում չեն լինի նաև ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի ուսուցիչներ։ Հիմա էլ դպրոցների մեծամասնությունը չի կարողանում այդ տեղերը համալրել։

Ինչո՞ւ չի ստացվում գիտության զարգացման շուրջ երկխոսությունը

Տ․Շ․ – Մենք համաձայնում ենք, որ կան խնդիրներ և կա կտրուկ քայլերի կարիք։ Բայց կառավարության և Աժ-ի առաջարկած ծրագրերը, ցավոք, չեն լուծում այդ խնդիրները։ Եթե մենք այդպիսի հոսք սկսենք ապահովել, պետք է լինի աշխատավարձային սանդղակների լուրջ փոփոխություն, որպեսզի երիտասարդը ասպիրանտական տարիներին զբաղվի գիտությամբ, ոչ թե կողքից այլ գործով։ 

Հիմա հիմնականում այդպես են անում․ 60 հազար կրթաթոշակով այդ տարիքում չես կարող գոյատևել։ Պետք է կտրուկ աճ այդտեղ և հետո ինչ-որ աճ արդեն գիտական կարիերայի ընթացքում։ Մենք այդ հաշվարկները նախնական տրամադրել էինք, նույնիսկ հաշվի առնելով իրատեսական ժամկետները՝ երբ կարելի է դա սկսել։ Մենք հաշվարկները տրամադրել էինք, բայց այն հատկացումները, ավելացումերը, որոնց մասին մենք խոսում էինք, չի ծածկում ոչ միայն այն հավելյալ հատկացումները, որ մենք ենք առաջարկում, այլ նաև այն ծրագրերը, որ մենք գիտենք՝ կան պետական մարմինների մոտ, գիտության կոմիտեում։ Այսինքն՝ մի հինգ անգամվա տարբերութուն էր՝ այն, ինչ այս տարի կարելի է անել և այն, ինչ առաջարկվում էր ավելացնել։

Դրամաշնորհային ծրագրերի մասին

Տ․Շ – Մինչև նախանցած տարի մեր դրամաշնորհային ծրագրերը եղել են, մոտավորապես երկու տարով և եղել են շատ փոքր գումարներ։ Դրանք ամենաշատը թույլ են տվել ինչ-որ երիտասարդների սկսել շփվել գիտական հանրության հետ, մասնակցել միջազգային գիտաժողովների։ Երբ  հարցը եկավ, որ պետք է ավելի ամբիցիոզ խնդիրներ լուծեն, լուրջ ծրագրերի մեջ ներգրավվեն,  իրենք այլևս այստեղ չեն տեսել հնարավորություն, հիմանականում դուրս են գնացել կամ լքել են գիտությունը, գնացել՝ արդյունաբերություն։ Մեզ վաղուցվանից պետք էր անցնել երկարաժամկետ ու խոշոր դրամաշնորհների։ 

Բացի դրանից կա բազային աշխատավարձի խնդիրը, որը կարծում ենք՝ պետք է աճող լինի։ Մենք համեմատություն արեցինք՝ աշխատաշուկայում ինչ աշխատավարձեր են։ 10-15 տարվա փորձ ունեցող ծրագրավորողը միջինը ստանում է 1,5 միլիոն դրամ Հայաստանում: Գիտության մեջ այդ թիվը միջինը 100 000 դրամ է։ Խոսքը այստեղ մրցակցային գումարների մասին չէ, այլ նրա, որ երիտասարդը պետք է կարողանա կյանքի մինիմալ պահանջները ապահովել,  ապրել իր աշխատավարձով։ 

Բիզնեսը գիտությունից արագ արդյունք է ակնկալում․ ի՞նչ անել

Ա․Փ – Ցանկացած ոլորտ պետք է ունենա գիտություն։ Գիտությունը ոլորտի արմատն է, եթե արմատներից կտրվում ես, որոշ ժամանակ հետո չորանում ես։ 21-րդ դարի որևէ պետությունում, որևէ ոլորտի զարգացում հնարավոր չէ, եթե հենված չի գիտության վրա։ Դա ոչ թե մի բան է, որ դու պետք է ընտրես՝ ունենալ կամ չունենալ, դա ընտրություն չէ, դա պահանջ է․․․

Այդպես ասող մարդիկ կարող են նաև ասել, որ պետությունն էլ է թանկ հաճույք՝ կարող ես ունենալ կամ չունենալ, որ մարդիկ էլ են թանկ հաճույք․ կարող ես ունենալ, նաև՝ ոչնչացնել։ Ուզում եմ ասել՝ նման մտածոսության մեջ են այդ մարդիկ շատ հաճախ հայտնվում, իրենք շատ հեռու են իրականությունից, իսկ իրականությունը հետևյալն է։ Մենք պետք է ամեն գնով ապահովենք, որ բոլոր ոլորտներում, տնտեսական ցանկացած գործունեության մեջ լինի գիտական բաղադրիչ, լինի հետազոտություն, լինի զարգացում, որովհետև զարգացումը այդտեղից է գալիս․․․ 

Պատրաստել է Լիա Ավագյանը