Աղետալի պատերազմի պատճառներից մեկն էլ Մինսկի խմբի պասիվությունն էր․ Ադամ Շիֆ

ՍիվիլՆեթի եթերում հեռարձակվող Frontlines հաղորդման շրջանակում ամերիկահայ փաստաբաններ Գառնիկ Քէօրքիւնեանը (Karnig Kerkonian) և Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian) զրուցել են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ՝ հայ ռազմագերիների խնդրի, ԵԱՀԿ խմբի դերի, Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին։ Հարցազրույցից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև։

Ադրբեջանում հայ ռազմագերիների մասին

Մեկ ամիս առաջ բանաձև ներկայացրեցի, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, որոնք անօրինական կերպով պահվում են Ադրբեջանում։ Նրանց թիվը կարող է հասնել երկու հարյուրի և ավելիի։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները արձանագրել են հայ գերիներին խոշտանգումների ու կտտանքների ենթարկելու դեպքերը։ Սա Ժնևի կոնվենցիայի խախտում է, պատերազմական հանցագործություն, և պատասխանատուները պետք է պատժվեն։ Բայց առաջնահերթ խնդիրը ռազմագերիների վերադարձն է։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի պասիվության մասին

Կիսում եմ այն մտահոգությունը, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռնարկել են մարդասպան արշավ և հրահրել պատերազմը Հայաստանի դեմ։ Այս աղետալի պատերազմի պատճառներից մեկն էլ այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չափազանց պասիվ էր և չէր կամենում ագրեսորներին պատասխանատվության ենթարկել։ 

Տարիներ շարունակ, երբ Ադրբեջանը հրահրում էր բախումներ շփման գծի երկայնքով, ես խոսում էի Մինսկի խմբում մեր դեսպանի հետ և պետքարտուղարությունում այլոց հետ, վերհանում խնդիրը, որ նրանք երկու կողմերին էին կոչ անում զերծ մնալ բռնություններից։ Երբ կողմերից մեկը ագրեսոր է, և դու բարոյական հավասարության նշան ես դնում կողմերի միջև, դա խրախուսում է ագրեսորին, որովհետև վերջինս հասկանում է՝ իրեն պատասխանատվության չեն ենթարկելու։ Ադրբեջանը դա հասկացավ, խթանեց իր ռազմական հզորությունը նավթային պաշարների շնորհիվ, հզորություն, որի զարգացումից անմասն չմնաց ԱՄՆ-ը՝ ի դեմս իմ ընդդիմադիրների։ 

Ուստի, այժմ ունենք այս ողբերգական հետևանքները։ Տեսնում ենք, թե Թուրքիան ինչպես է գնալով՝ հեռանում քաղաքակիրթ երկրների ընտանիքից, այս հակամարտության մեջ ներքաշում ու օգտագործում սիրիացի վարձկաններին, անտեսում ՆԱՏՕ-ի և մարդու իրավունքների իր պարտավորությունները։ Ուստի ես կոչ կանեի վերականգնել Մինսկի խումբը։ 

Հրադադարի համաձայնագիրը, որը պարտադրվեց [Հայաստանին-խմբ․] հրանոթի փողի տակ, ըստ էության, անկայուն է, վերջնական հանգրվանը չէ։ Մինսկի խումբը պետք է վերստին ներգրավվի՝ վճռականորեն աշխատելով նախևառաջ ռազմագերիների ազատման, ապա նաև՝ փախստականների վերադարձի ուղղությամբ, աշխատի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ և թույլ տա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը։  

Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների մասին

Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ մենք կարող ենք դադարեցնել նրան ցուցաբերվող ռազմական աջակցությունը, ինչը պետք է վաղուց անեինք։ «Ազատության աջակցության ակտը» սովորաբար խոչընդոտում է մարդու իրավունքներ խախտողներին աջակցության ցուցաբերումը։ Սա անտեսվել է՝ հօգուտ ազգային անվտանգության։ Սակայն մենք չպետք է անտեսենք դա, պետք է դադարեցնենք ռազմական օգնությունը։ Դա հաստատ կգրավի Ադրբեջանի ուշադրությունը։ 

Կարծում եմ՝ ավելին է պետք անել։ Կան պատժամիջոցներ, ինչպիսին «Գլոբալ Մագնիցկու ակտն» է, և բոլոր նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներին, կենթարկվեն պատժամիջոցների։ Պետք է օգտագործել մեր ձեռքի տակ եղած ամեն միջոց ու դիվանագիտական ամեն գործիք, որպեսզի հասնենք ռազմագերիների վերադարձին։

Ինչ վերաբերում է Թուրքիային՝ ԱՄՆ-ը պետք է վերագնահատի իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Թուրքիան գնալով՝ ավելի շատ է նմանվում Ռուսաստանի դաշնակցի՝ գնելով զինատեսակներ, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ, և անելով քայլեր, որոնք ևս անհամատեղելի են դաշինքի հետ։

Հայոց ցեղասպանության ու այսօրվա հայատյացության միջև կապը տեսնելու մասին

Իհարկե, հսկայական կարևորություն ունի այդ կապը հասկանալը։ Ինչպես ասվում է, պատմության դասերը չսերտածները ստիպված են այն կրկնել։ Սակայն չեմ կարծում, որ իմ գործընկերներից շատերը տեսնում են այդ կապը։ Մենք մեծ աշխատանքներ ենք տարել Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու ուղղությամբ, ես այդ բանաձևի վրա քսան տարի է՝ աշխատում եմ, վերջապես վերջին նիստին ճնշող մեծամասնությամբ՝ ավելի քան 400 կողմ ձայնով, այն ընդունվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Դա իսկական առաջընթաց է։ 

Այսինքն՝ իմ գործընկերները տեղյակ են պատմությունից, սակայն տեսնո՞ւմ են կապը այդ պատմության և նրա միջև, ինչին վերջերս ականատես եղանք, կարող եմ ասել՝ հավանաբար մեծ մասը՝ ոչ։ Դա է մարտահրավերը՝ տեղեկացնել մարդկանց, որ անցյալը երբեք իսկապես չի մնում անցյալում, և այդ նույն վտանգավոր ատելությունը դեռ առկա է։ Մենք կարող ենք մտածել, որ մարդկությունն այնքան է քաղաքակրթվել, որ այլևս չպետք է մտահոգվենք նոր ցեղասպանությունների վտանգի համար, սակայն նայում ենք աշխարհով մեկ և ականատես լինում նոր ցեղասպանությունների։ Դրանք չի կարելի անտեսել, և պետք է ավելի համառ կերպով աշխատանքներ տանել ոչ միայն Կոնգրեսի, այլև ամերիկյան հասարակությանն այդ ամենի մասին իրազեկելու համար։ 

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին

Ըստ իս՝ վերջին տասնամյակներում նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման լավագույն հնարավորությունն է։ 

Եվ սա ասում եմ ոչ միայն, որ Բայդենը իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր,  քանի որ շատերն են խոստացել և դրժել են իրենց խոստումը, այլ նաև այն փաստի շնորհիվ, որ Կոնգրեսը իր վերջին նիստի ժամանակ գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Այժմ պաշտոնապես դա է ԱՄՆ Կոնգրեսի քաղաքականությունը։ Ըստ իս՝ դա ավելի է հեշտացնում նախագահի կողմից Կոնգրեսի քայլերին հետևելը։ 

Ինչ վերաբերում է մարդկանց՝ ճանաչման դեպքում Թուրքիան վանելու մտավախություններին, ապա դրանք նվազել են՝ հաշվի առնելով Թուրքիայի ավելի ու ավելի վտանգավոր, անկանխատեսելի ու ավտոկրատ կեցվածքը։ Բնականաբար, վարչակազմի ներսում կամ դրանից դուրս կլինեն նաև նրանք, որոնք կհամոզեն նախագահին չանել այդ քայլը, սակայն շատ են նաև ձայները, որոնք կհամոզեն դիմել այդ քայլին։ Ես ինքս պատրաստվում եմ հանդիպում հայցել նրա հետ և երկար տարիներ անց հույս ունեմ, որ Բայդենը կլինի ԱՄՆ այն նախագահը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի