«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է բաց համամասնականով գնալ ընտրությունների

«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է բաց համամասնական ընտրակարգով կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ և փակ համամասնական ընտրակարգի, և իրենց առաջարկած բաց համամասնականի դեպքում կուսակցությունները պետք է կազմեն մեկ համապետական ցուցակ՝ նույն կանոններով․ անկուսակցականների մասնակցությունը 30 տոկոսից ոչ ավելի, եռյակներում կանանց մասնակցություն և այլն։ Բաց համամասնականը փակից տարբերվում է միայն նրանով, որ քվեաթերթիկի հաջորդ կողմում ներկայացված են կուսակցության առաջին 30 համարների անունները․ «Եվ քաղաքացին կարող է իր նախընտրած թեկնածուի դիմաց դնել համապատասխան նշումը և արդեն համապատասխան ձայներ հավաքելուց հետո տվյալ թեկնածուն կարող է դառնալ պատգամավոր։ Բոլոր այն թեկնածուները, ովքեր կհավաքեն կուսակցության հավաքած ձայներից 5 տոկոսից ավելին, նրանք կստանան առաջնային մանդատ և հետո կուսակցության ցուցակով հաջորդաբար կտրվեն մանդատները»,- նշեց նա։

«Բաց համամասնականի առավելությունը այն է, որ մենք ունենում ենք քաղաքացիներին հաշվետու քաղաքական գործիչներ Ազգային ժողովում։ Պատգամավորը լինում է հաշվետու քաղաքացիներին և ոչ թե իր կուսակցապետին։ Փակի դեպքում Ազգային ժողովի պատգամավոր նշանակում է կուսակցության ղեկավարը կամ ղեկավար մարմինը և մենք ունենում ենք պատգամավորներ, որոնք ընդամենը կոճակ են սեղմում և հլու-հնազանդ են իրենց քաղաքական առաջնորդին։ Բացի այդ ցուցակների կազմման պրոցեսը բաց համամասնականի դեպքում լինում է թափանցիկ և քաղաքացին իր քվեով կարողանում է ազդել ցուցակի հերթականության վրա։ Հակառակ պարագայում այս որոշումը կայացվում է փակ դռների հետևում, մի քանի հոգու կողմից»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Գևորգ Գորգիսյանը նշում է, որ եթե բաց համամասնական ընտրակարգի առաջարկը չընդունվի, միևնուն է «Լուսավոր Հայաստանը» ցանկացած ընտրակարգով մասնակցելու է ընտրություններին և «պատրաստվում է հաղթել»։

Մարտի 24-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր փակ համամասնական ընտրակարգով ընտրություններին գնալու մասին։