Հանդիպել են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, Ղուկասյանը և Սահակյանը

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների միջև հանդիպում է տեղի ունեցել։

«Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է Մուսինյանը։

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը հաստատել է մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը․ «Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»,- ասվում է գրասենյակի հայտարարությունում։

Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել էին նաև 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թ․ հոկտեմբերի 21-ին: