Կիրակի օրերին պատերազմ լինում է

Լուսինե Հովհաննիսյան

Վեց ամիս առաջ այս օրն էր սկսվել պատերազմը։

Կես տարի առաջ։

Մեզ միշտ թվացել է, թե կիրակի օրերին պատերազմ չի լինում։ Հավանաբար այդպես է թվացել, որովհետև երբեք չենք մտածել, թե շաբաթվա որ օրերին են սկսվում պատերազմները, իսկ որ օրերն են ոչ աշխատանքային՝ պատերազմ սկսողների համար։

Պատերազմը սկսվեց կես տարի առաջ, կիրակի, յոթն անց մի քանի րոպեին։

Պատերազմի մասին ես իմացա յոթն անց երեսունին։ Այդ ժամերին երբեք արթուն չեմ լինում։ Գործ կար կարևոր, կարևոր լավ գործ, պիտի զարթնեի շուտ։

Կիսարթուն՝ բջջային հեռախոսի զարթուցիչը խլացնելուն զուգընթաց մատով սահում եմ ֆեյսբուքի կապույտ վանդակի վրայով, որ իմանամ ինչ է կատարվել աշխարհում, երբ քնած ենք եղել։ Սովորաբար ոչինչ կատարված չի լինում, գոնե առավոտյան յոթին։

Լրահոսում իմ տեսած առաջին նախադասությունը Հայկ Խանումյանի 7։15-ին արած «Բոլորս դեպի ապաստարան» գրառումն էր։

Միանգամից հավատում եմ, որ պատերազմ է ու հավաքում Ստեփանակերտում ապրող բարեկամուհուս համարը։ Նրա բջջայինի մեջ լսվում են պայթող ռումբերի ձայները ու իր խուլ ձայնը՝ «մենք պադվալում ենք, խփում են, լաց մի էղի, էսա կպրծնի»։

Ես միշտ հավատում եմ իրեն, որովհետև նա պատահական մարդ չէ պատերազմի մեջ։

Հավատում եմ, որ «էսա կպրծնի» ու ամաչում եմ, որ ինքն է ինձ «լաց մի էղի ասողը»։

Պատերազմը «էսա չի պրծնում»։

Մենք մտնում ենք հարաճուն մղձավանջի մեջ, որտեղ ամեն օր հեռանում է պատերազմի ավարտի  օրը։

Սկսում ենք անընդհատ աճող վախի մեջ, սարսափած աչքերով անել ամեն ինչ, ինչ կարող ենք անել ու երբեմն՝ ինչ չէինք կարող։

Առաջին երեք զոհի անունը լսելիս մտածում ենք՝ «գնաաաց, էս ա մի հարյուր զոհ էլ էս կռվում կտանք»։

Հիմարի լավատեսություն։

Մենք կարծում ենք, թե պատերազմները չորս օր են տևում, որովհետև նախորդը չորս օր էր տևել։ Կուռ տրամաբանություն։ Չորրորդ օրն անհանգստանում ենք, որ պատերազմը չի վերջանում։

Մենք շփոթված էինք ու արդեն առանց քաղաքական նախապատվությունների՝ ով ուզում է, ինչպես ուզում է, միայն կանգնեցնի պատերազմը։

Պատրաստվում ենք Մոսկվա ճանապարհել առաջին և երկրորդ նախագահներին՝ միանգամից հասունանալով բոլոր տեսակի ըմբռնումների համար։ Վտանգը ծայրահեղ մեծ է, հույսը դեռ չի հանձնվել հողին։

Սոցցանցերում հայտնվում է «йахтелу енк» հեշթեգը։

«Փեթակ» առևտրի կենտրոնից առած մանկական հեծանիվը, որն առնում ենք պատերազմի ծանրագույն կետերում գտնվող ղարաբաղցի տղաներից մեկի խնդրանքով, որի տեղահանված փոքրիկ տղայի ծննդյան օրն է հոկտեմբերյան մի անտանելի պատերազմական օր, ու հայրը մտածում է՝ իսկ միգուցե վերջին անգամ է ողջ իր երեխայի ծննդյան օրը ու խնդրում իր անունից հեծանիվ տանել տեղահանված որդուն։ Հոկտեմբերի կեսերին «Փեթակ» հասնելը անասելի դժվար է տրամադրության առումով, բայց նպատակը սարսափելի էր ու հուզական։ Հեծանիվը հասնում է տղային։

«Չճանաչված հանրապետությունը» փոխակերպվում է «չճանաչված դիակներ» անարտասանելի բառակապակցության։

Շուշիի անտառների վրա ֆոսֆորային քիմիական զենք է թափվում։ Հրավառաության նման թափվում է։ Միջազգային հանրությունը հայտնում է իր մտահոգությունը։ Այնքան երկար է հայտնում իր մտահոգությունը, որ մենք սկսում ենք անհանգստանալ միջազգային հանրության մտահոգության կապակցությամբ՝ մի բան չպատահի միջազգային հանրությանը։

Թուրքիայի Իզմիր քաղաքում թեթև երկրաշարժ է։ Հայերը սկսում են հավատալ Աստծո դատաստանին։ Ընդամենը քսան զոհ։ Բայց հայերը հավատում են Աստծո դատաստանին։ Իսկ մյուս հայերը սոցիալական ցանցում կոչ են անում չդառնալ ազերի ու չչարախնդալ խաղաղ բնակչության զոհերի վրա։ Հայաստանը դեռ չգիտի իր աղետի չափը ու դեռ հումանիզմի համառոտ դասընթացներ է անում սոցիալական ցանցերում։

Իմ հյուրասեղանի հաստ ապակու տակ մինչև այսօր մի տղայի անուն, ազգանուն, հայրանուն է՝ արագ պոկված թղթի կտորի վրա գրված։ Նա դեռ չի գտնվել՝ ո՛չ ողջերի մեջ, ո՛չ զոհվածների, ո՛չ գերիների մեջ։ Պատերազմից անցել է կես տարի։

Պատերազմի օրերին Կարեն Անտաշյանին ամեն օր անընդհատ ուզում եմ հարցնել՝ քո «Շարքային Մարտիրոսյանը» այսօր արդիակա՞ն է։ Ու չեմ հարցնում, որովհետև «հաղթելու ենք»-ը ամեն տեղ է, լուրերը ծանր են, ես վախենում եմ խոսել։ Բայց անպայման հարցնելու եմ՝ այս տողերն այսօրվա համար ուժի մե՞ջ են․ «Մռդո, ախպերս, միանգամից ասեմ, որ քեզ պատշաճ սգալու համար լիքը հեշթեգեր կան հերթապահ խոսքի՝ հայրենիքի զինվոր, մատաղ, հերոս, փառապանծ, խոնարհվում եմ խոսքի, նրանք ընկան, որ մենք, նրանք չկան, որ մենք, միանգամից ասեմ, որ քեզ սգալու համար հստակ կանոնակարգ կա մշակված,  ժամանակավոր հանձնաժողով, որը ճիշտ պահին հանդիսավոր կլռի ու կարտասվի անգամ։ Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, դու անտեղյակ ես, բայց քո փոքրիկ մահը թաղային ժեկից մինչև ՄԱԿ-ի նյույորրքյան գրասենյակ շարժման պոտենցիալ է ստեղծում այս ահռելի աշխարհի համար․․․ Շարքային Մարտիրոսյան, Մռդո, ախպերս, կներես, բայց ես ու կինս քնելուց առաջ ու ընթացքում հա ստուգում ենք Արարատին բացվող մեր դռներն ու Արարատին նայող լուսամուտները ու համենայնդեպս, մեր տղեքի ապագան լռելյայն պատկերացնում մի անշառ, ծովամերձ քաղաքում ուր չի կարող հասնել քեզ խոցած գնդակը»։

Մոսկվայի ավիացիոն ինստիտուտն ավարտած իմ փոքրիկ բարեկամը մեծացել ու Մոսկվայից եկել, կռվում է կարևոր  հատվածներից մեկում։ Պատերազմի ավարտից շատ հետո է իմացել, որ պարտվել ենք, կարծել են հաղթում ենք, քանի որ իրենք պահել են իրենց դիրքերը։ Ջոկատում՝ աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից եկած հայ տղաներ։

Լոս Անջելեսից բանակում ծառայելու եկած, աստղաֆիզիկա սովորող Արենը զոհվեց։ Վախենալու է նայել ժպտացող դեմքին, բայց մարդիկ նայում են ու մեկնաբանություններում գրում՝ «աստված հոգին լուսավորի», ու շարում աղոթող ձեռքերի տխմար էմոջիները։ Երբեմն թվում է «Աստված հոգին լուսավորի»-ն գրում են մինչև զոհվածի մասին իմանալը, այնքան արագ ու առանց հապաղելու են գրում։

Լոս Անջելեսից բանակում ծառայելու եկած, աստղաֆիզիկա սովորող Արենը զոհվեց։ Վախենալու է նայել ժպտացող դեմքին, բայց մարդիկ նայում են ու մեկնաբանություններում գրում՝ «աստված հոգին լուսավորի», ու շարում աղոթող ձեռքերի տխմար էմոջիները։ Երբեմն թվում է՝ «Աստված հոգին լուսավորի»-ն գրում են մինչև զոհվածի մասին իմանալը, այնքան արագ ու առանց հապաղելու են գրում։

Պատերազմի ավարտից հետո միայն, համաձայնագրի տեքստն իմանալուց հետո միայն, մի քանի օր լաց լինելուց հետո միայն, մի քանի օր անխոս նստելուց հետո հետ ես նայում և մյուս անգամվա համար, հաջորդ անգամվա համար, քեզ սովորեցնում․ եթե Գյանջայի հօդս ցնդած օդանավակայանը, որի մասին հայտնում է տեղեկատվականը, հաջորդ օրը տեսնում ես ադրբեջանական տեսանյութերում՝ բոլորովին հօդս չցնդած, մի՛ համոզիր քեզ, որ միգուցե երկու օդանավակայան կա՝ ռազմական ու քաղաքացիական, իսկ ճշտելուց հետո, որ միայն մեկն է՝ մի՛ համոզիր քեզ, որ ադրբեջանցիները միշտ խաբում են, այլ փորձիր չխաբվել ինչպես երբեք։

Կամ, երբ ադրբեջանցիների տեսանյութում տեսնում ես իրենց զինվորներին Թալիշ գյուղում, ու լսում նույն պահին, որ Թալիշում ադրբեջանցիներ չկան, իսկ տեսանյութում 2016-ի ապրիլյանի զոհերի հուշարձանի մոտ ադրբեջանցի զինվորներ են, ուրեմն մտել են, ուրեմն հին տեսանյութ չի, ապրիլյանից գոնե հետո է՝ մի՛ խաբիր քեզ չձևակերպվող՝ «չեմ հասկանում էս ինչ ա» նախադասությամբ, նայի՛ր տրամաբանությանդ, հետևի՛ր տրամաբանությանդ, վստահի՛ր քեզ ու միայն քեզ։

Պատերազմի քսաներորդ օրը սկսում ենք մտերմանալ  պատերազմի հետ։

Խոդաֆերինի միջնադարյան կամրջի նկարից ու անորոշ՝ «հարավային հատվածում ծանր մարտեր»-ից, որտեղ հաղթում կամ ստրատեգիական նպատակներով նահանջում էինք, հասանք Շուշիի մատույցներ։

Քարինտակ գյուղի առաջին հիշատակումն անսպասելի էր։ Ազերիները, թուրքերը, վարձկան արաբները հասել են Քարինտակ։

Պատերազմի 42-րդ օրվա երեկոյան 21.07-ին Արծրուն Հովհաննիսյանը ավելացնում է «անմիջապես» բառը ու ստացվում է «անմիջապես Շուշիի մոտ մարտերը շարունակվում են»։ Իմ խոհանոցի պատին Տեր Սահակ Մարտիրոսյանի նկարած  ավանակի լուսանկարն է՝ Արցախի սպիտակ ձյուների մեջ՝ վառելափայտը մեջքին։ Ավանակի լուսանկարն առել էի Շուշիի Ղազանչեցոցի հարակից կրպակից՝ մի խաղաղ օր, երբ կարծում էի, թե լարված օրեր են ինձ համար։

Բոլորը բոլորին ատում են, բոլորը բոլորից պահանջում են, բոլորը դժբախտ են ու վախեցած, բոլորը ուզում են չմեռնել, բայց մեղադրում են, որ հողերը հանձնեցին։ Բոլորը ուզում են հերոս լինել ու միաժամանակ ապրել, բայց չի ստացվում․ հերոսները քիչ են ու, ինչպես միշտ լուռ են, որովհետև էլի հիմնականում կա՛մ զոհվել են, կա՛մ շատ բան գիտեն։

Խոդաֆերինի կամրջի տակ կնոջ ձեռքը բռնած Ալիևը բարձրանում է վերև, չարախինդ հրճվանքի տեքստեր է ասում։ Այդ հատվածում անհետ կորած ու սպանված տղաների ամենամեծ թիվն է։ Ուրախ են ամուսինները։ Հաղթանակի շվայտությունը պատժվում է, և դա հաստատում են ոչ միայն փաստերը, այլև այն անհասկանալի վախը, որ զգում ես ոչ թե իրենցից, ինչը տեղին կլիներ, այլ իրենց փոխարեն․ վախենում ես հաղթանակի այն ցոփությունից, որի մեջ են իրենք, չարախինդ հրճվանքի մեջ վխտացող մարդկանց սպառնացող վտանգի վախն է, որն իրենք չեն տեսնում։ Խոսքը բացարձակ վախի մասին է՝ մոռանալով կողմերի ով լինելը, քո հայ լինելը տվյալ դեպքում։ Խոսքը զենքով ռևանշի մասին չէ։ Բնության մեջ կա այդ ուժը։ Այդ վախից է, որ հայերն էլ, ադրբեջանցիներն էլ սովորական կյանքում «ոնց ես» հարցին վախենում են պատասխանել՝ լավ եմ։

Ամենակարևոր հարցը մնաց չլուծված․ պատերազմ ենք ուզում, թե խաղաղություն։

Բոլորը թաքուն խաղաղություն են ուզում, բայց արթնանալիս ֆեյսբուքում գրում են, թե խաղաղություն ուզողները քաղքենի են կամ ոչնչություն, որովհետև մտածում են միայն իրենց զավակի մասին։ Այդպես գրողները սովորաբար տղաներ չեն ունենում, ունենում են  դուստր՝ սկանդինավյան մի անմեղ երկրում հարատև ուսումնառության մեկնած։

Բոլորը թաքուն խաղաղություն են ուզում, բայց արթնանալիս ֆեյսբուքում գրում են, թե խաղաղություն ուզողները քաղքենի են կամ ոչնչություն, որովհետև մտածում են միայն իրենց զավակի մասին։ Այդպես գրողները սովորաբար տղաներ չեն ունենում, ունենում են  դուստր՝ սկանդինավյան մի անմեղ երկրում հարատև ուսումնառության մեկնած

Երևանում կառավարության շենքի դիմաց հավաքվել են անհետ կորած տղաների հայրերը։ Հայաստանը մի երկիր է, որտեղ ամենադժբախտ մարդիկ զոհերի հայրերն ու մայրերը չեն, այլ անհետ կորածների ծնողները։ Անհետ կորած նշանակում է կամ գերի, կամ դաշտերում փռված դիակներ, որոնց հանելու համար չկա պետություն։

Արցախի նախագահն ընդունում է  Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը։

Պարոն վարչապետը այցելում է ռազմական արդյունաբերության կենտրոն։ Ոչ ոք չգիտի՝ ինչու։

Երևանում, Ստեփանակերտի ծերանոցի ծերերին տեղավորել են տուն-ինտերնատում։ «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժում լսում եմ մանկուց ինձ շատ ծանոթ ու վաղուց մոռացված մի արտահայտություն՝ «շեստանոյ դարյա»։ Բրդյա շոր, ռուսերեն «шерстяной» – «բրդյա» բառի ղարաբաղյան բարբառի ձևափոխված տարբերակը։ Սովետական խաղաղ ժամանակներում կանայք սիրում էին քաղաքից եկած կանանց «շեստանոյ դարյաները» քննարկել ու նվեր ստանալ այդպիսի «դարյաներ»։ Ստեփանակերտի ծերանոցից Երևան տեղափոխված տիպիկ ղարաբաղյան դեմքով մի տարիքով կին ասում է, որ ուզում է վերադառնալ Ստեփանակերտի ծերանոց, չնայած այդ ծերանոցում առաջին օրը գողացան իր վեց գիշերանոցը, «թյազա խալաթը՝ էրկու ջուբավոր», ու «շեստանոյ դարյան»։ Դուք պիտի ծանոթ լինեիք Ղարաբաղի կանանց դեռ սովետական տարիներից՝ հասկանալու համար երկու գրպանով խալաթի կուլտիվացիայի աստիճանն ու դրա հիմնավորումը։ Նոր, բացարձակ նոր խալաթը, եթե ուներ երկու գրպան, որի մեջ կարող են տեղավորվել անպատճառ առաջին հերթին թաշկինակը, մի քանի կոնֆետ, թուղթ-մուղթ, բանալի ու էլի բաներ՝ ըստ անհատական մոտեցման, ապա դա պրետապորտեի բացառիկ նմուշ էր։ Ու հիմա, թեև Ստեփանակերտի ծերանոցում հենց առաջին օրը գողացել են իր երկու գրպանավոր խալաթն ու «շեստանոյ դարյան», ինքն այնուամենայնիվ ուզում է վերադառնալ «տուն»։

Նոյեմբերի քսանվեցի երեկոյան ադրբեջանցիների ռազմական մեքենաների շարասյունը մոտեցավ Սոթքին, ապամոնտաժվեց սահմանային կարմիր դարպասը։ Արտասահմանում ապրող ընկեր-բարեկամներիս ինձ գրած հաղորդագրությունները նույն բովանդակությունն ունեին․ « ադրբեջանցիք Սոթքո՞ւմ են»։ Վարդենիսի վարչական ղեկավարը ժխտում է, իսկ տեսանյութերը՝ հաստատում։ Վարդենիսի սաստիկ ցրտի ու մանր ձյան տակ կանգնած են Սոթքի ժողովուրդը, Զոդի հանքի աշխատողները ու բանակցում են ադրբեջանցիների հետ։ Ամեն ինչ կարգին է։ Հաջորդ օրը հայտնվեց ֆեյսբուքյան գրառումը․ «թուրքերն էկան՝ ակուռատնի մտան»։ Մենք սա կարդացել ենք միայն գրքերում ու վերապատմել քառորդ փակելու ու քննություն հանձնելու համար։ Հիմա ապրում ենք։

Նոյեմբերի քսանիննին ձյուն եկավ։ Ղարաբաղում ու Հայաստանում ձյուն է։ Ձյան գալն ամեն տեղ գրանցվեց նույն նախադասությամբ՝ «էրեխեքը մնացին ձյան տակ»։

Վարչապետն ասում է՝ «չեմ կարծում, թե թերացումներն այնպիսինն են, որր մենք պետք է գնանք։ «Թերացում» մեր սովետական միապաղաղ տարիներին ասում էին ջնջումներով գրավոր աշխատանքի մասին, իսկ չորս հազար կամ ավելի շատ երիտասարդ տղաներին հրթիռների տակ թողնելը, այն հրթիռների տակ, որոնցից դու չունեիր և գիտեիր, որ չունես՝ թերացում չէ՝ ավելի ահասարսուռ բառ է։

Չորրորդ դասարանից տղաներին բանակից ազատելու գործին լծված կամ իրենց տան բակում ծառայություն դասավորած մի քանի խիստ «ընդդիմադիր» ծեքծեքում են բանակի համար ու անիծում հող հանձնողին։ Իսկ հանձնողը կառավարության նիստում քննարկում, քննարկում է ընթացիկ հարցեր։

Պատերազմի ծայրահեղ օրերին կպչուն-սևեռուն մտքի նման պարբերաբար հիշում եմ Սելեստա Վալանդերի կարմիր բաճկոնը Մյունխենի պանելային քննարկման ժամանակ։ Կարմիր բաճկոնով Սելեստա Վալանդերը նախասրահում զրուցում էր Մամեդյարովի հետ․ լսվում է Մամեդյարովի բարձր ծիծաղը։ Սելեստա Վալանդերը ԱՄՆ-Ռուսաստան ֆոնդի գործադիր տնօրենն է, ու պանելային հանդիպման մոդերատորը։ Հաղորդավարը՝ կասեինք մենք մեր հին լեզվում։ Իսկ հաղորդումը ինչ-որ իմաստով միշտ շոու է։

Դեկտեմբերի տասին Բաքվում զորահանդես էր։ Ռազմական շքերթ։

Երևանում աշխատում էին չնայել։

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները, և հատկապես առաջինը, հաղթանակի բացառիկ ցոփության մեջ, Բաքվի հրապարակում մտավ փաշայի իր երազած կերպարի մեջ։ Բաքուն հաղթանակած է, հզոր, ցոփության հաճույքի մեջ, Բաքուն ուժեղ է, Էրդողանը՝ ամուր։ Բաքուն դեռ չգիտի իր զոհերի թվի մասին, բայց չի բացառվում, որ չի էլ իմանա։ Հայաստանը պարտված է, նվաստացած, Հայաստանը գիտի իր զոհերի թվի մասին։

Մայրս պատմում էր, որ Բաքվի կենտրոնի նախահեղափոխական շրջանում  Բանդարնայա կոչվող փողոցի վրա գտնվող իր նախապապի տունը, որ զբաղեցնում էին Ներսես, Զարմայր եղբայրներն ու Սիրանուշ քույրը, լավագույն բանն է, որ տեսել է իր կյանքում, և այդ տունն իր բարքերով, մշակույթով մտել էր մորս երակների մեջ։ Մայրս սովորել է Բաքվի կենտրոնի համար 23 դպրոցում, ու ավարտել Բաքվի Ինդուստրիալ ինստիտուտը, երկուսն էլ գերազանցությամբ։ Մորս Ներսես Տեր-Կարապետյանց նախապապը Բաքվի սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցու ավագ քահանան էր։ Այդ եկեղեցու տեղում վաղուց Բաքվի կոնսերվատորիայի շենքն է։

Ես ուշադիր նայել եմ արնախում պատերազմի ավարտից մեկ ամիս անց տեղի ունեցող զորահանդեսը։ Նայել եմ հատուկ, որովհետև ուզում էի տեսնել իրականության խորքը, առանց մեռած պաթոսի, առանց մի գրամ սենտիմենտալ հովվերգական պատմությունների, առանց ցավի ու առանց ամոթի։ Ես ուզում էի տեսնել նրանց հաղթանակի ու մեր պարտության հատակը։ Մենք ուժեղ պարտվել ենք։ Երևանի փողոցներով այլևս չեն հնչում ֆիդայական երգեր։ «Լաոն» լռել է։ Միայն փողոցի ակարդեոնահարը նվագում է՝ «գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին», ու հուզվում է կեսից, ընդհատում ու բարձրաձայն, Ղարաբաղի լսած, ոչ ճիշտ բարբառով ասում՝ «լոխ լյավ ա լինելու»։ Ու անցորդները ժպտում են խեղճ։

Իսկ Բաքվի զորահանդեսի ամբողջ ընթացքում, ասիական անառողջ ցոփության մեջ ես միայն պատանեկության տարիների գեղեցկուհի մորս էի տեսնում՝ շագանակագույն լայն հյուսը մի կողմի վրա, մեծ սպիտակ լայն ժպիտը,  ծիծաղը զրնգուն զանգի պես, ու «Дом советов» շքեղ սպիտակ շենքի մոտով անցնող  իրենց մայիսմեկյան շքերթը, իր համակուրսեցի հրեա, լեհ, ռուս ընկերների հետ դեպի ծով դուրս գալու պահը, ու մորս լեհ Ֆրանտիշեկ դասընկերոջը, որն անհասկանալի ամուսնացել էր ադրբեջանուհու հետ։ Այդ լուսանկարը կա մեր ընտանեկան ալբոմում։

Մեր ընտանեկան ալբոմում կա նաև երկու լուսանկար-փաստաթուղթ՝ մորս դասարանի ավարտական լուսանկարն ու Բաքվի Ինդուստրիալ ինտիտուտի իր կուրսի ավարտական նկարը, որտեղ մի քանի ադրբեջանցի են սովորում, իսկ մնացածը հայեր, հրեաներ, ռուսներ, լեհեր ․․․

Ապաշնորհ ենք կարևոր ինչ-որ տեղ։ Տեղը չի գտնվում հստակ։

Դեկտեմբերի 14-ին թույլ անձրև էր մաղում։ Էրեբունի ռազմական օդանաավկայանում վայրէջք կատարեց հայ գերիներին Երևան բերող ռուսական ինքնաթիռը։

Երևանը  հաղթած ֆուտբոլիստներ է դիմավորել, աշխարհի չեմպիոնի գավաթակիր շախմատիստներ, Շառլ Ազնավուրին, Հռոմի Պապին, բայց գերիներ առաջին անգամ էր դիմավորում։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտան – Դավիթ-Բեկ հատվածում ադրբեջանցի զինվորներ են քայլում։ ԱԱԾ-ն հաղորդագրությամբ հորդորում է Գորիս-Կապան ճանապարհի Որտան – Դավիթ-Բեկ հատվածում զգոն լինել։

Աղայանի բացատրական բառարանում «զգոն» բառի բացատրությունը՝ խոհեմ, խելացի, արթուն, զգաստ, աչալուրջ, հեզաբարո, հեզ, հանդարտ, պարկեշտ։

Ուրեմն, եթե նշված հատվածում ադրբեջանցի զինվորները  փորձեն կանգնեցնել ՀՀ քաղաքացու մեքենան, վերջինս անմիջապես պետք է ցույց տա իր ինտելեկտը, արթնանա, ուշադիր նայի ադրբեջանցիների աչքերի մեջ, մեղմ ձայնով խոսի, որ հեզ թվա, և վերջապես՝ պատմի իր պարկեշտության մասին։

Պատերազմը սկսվելու յոթանասուներորդ օրը՝ դեկտեմբերի քսանին, հայտնաբերվում են ժամկետային ծառայող վեց հայ տղա։ Հրաշքը միշտ հրաշալի է, այս դեպքում՝ հնգապատիկ։ Տղաները նման են ռոբինզոնների՝ մորուքով, հնամաշ շորերով, տանջված, քայլում են դժվարությամբ, որովհետև սառեցրել են ոտքերը, իրենցից մեկը հրազենային վիրավորում ունի։

Ստեփանակերտի հոսպիտալում նրանց են այցելում Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը։

Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների անհասկանալի ցիրուցան են եղել մարտի դաշտում, մնացել են առանց հրամանատարների, պետությունը յոթանասուն օր չի կարողացել գտնել իր զինվորներին, և Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջին հարցը «Բա ինչ էիք ուտում»-ն է։

Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների անհասկանալի ցիրուցան են եղել մարտի դաշտում, մնացել են առանց հրամանատարների, պետությունը յոթանասուն օր չի կարողացել գտնել իր զինվորներին, և Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջին հարցը «Բա ինչ էիք ուտում»-ն է

Ահա, և վերջ։ Առայժմ, այսօրվա դրությամբ «Արցախը Հայաստան է և վերջ» և «Պայքար, պայքար մինչև վերջ»-ից ճիշտ է միայն «վերջ»-ը: Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցվել է։ Բոլոր նրանք, ովքեր ջանք չեն խնայել իրենց զինվորին Ղարաբաղից Երևան տեղափոխելու համար՝  կրքոտ տխրություն են բեմադրում, բոլոր նրանք, ովքեր դա չեն արել՝ մտածում են ելքերի մասին։ Սուտը, հարատև ու հարաճուն սուտը կործանեց մեզ և մեր երկիրը, բայց դեռ քչերն են համարձակվել մերժել սուտը։ Սուտը փափուկ է ու պաշտպանիչ շերտերով, այն ապրեցնող է՝ մինչև առաջին իրական ողբերգությունը։

Երևանը անիրական պաթոսի քաղաքից դարձավ իրական զոհերի քաղաք։

Քաղաքի ամանորյա նվերը ԴՆԹ-ի երկրորդ սարքն էր։ Քաղաքը ԴՆԹ էր հանձնում։

Մարդիկ հարցնում են իրար, թե ինչու հասարակությունը համարժեք չի արձագանքում կատարվածին։ Տարբերակները մի քանիսն են, ես հակված եմ մտածելու, որ համարժեք, այսինքն՝ բուռն ծանր արձագանքում են, երբ ողբերգությունն ավարտված են զգում և ուղեղի ու հոգու ողջ ռեսուրսով վերապրում են ողբերգությանը։ Մարդիկ ենթագիտակցության մեջ կախման կետ են դրել ու սպասում են։

Իսկ երկրում նոր ընտրություններ են։

Վարչապետը պարբերաբար ծնկում է սուսերամարտիկի կեցվածքով՝ փորձելով ներազդել մարդկանց ցնցված բանականության վրա։

Դատարաններն աստիճանաբար թեթևանում են։

Բոլորը բոլորից խռով են,  բոլորը բոլորին մեղադրում են, քանի որ բոլորն  ունեցել են իրենց նախընտրած բռնապետը։

Պատերազմից անցել է կես տարի։ Մենք մեծ կանգառում ենք հայտնվել, կանգառը չվացուցակ չունի։ Որովհետև ընտրության պատրաստվող վարչապետը չի պատասխանել կանգառում կանգածների հարցին՝ ինչպես պատահեց սա․․․ Որքան էլ խորապես հարգենք Ուջան գյուղի պատմությունը, այնուամենայնիվ, մեծ աղետի մասին Ուջանի աշակերտների հետ հանդիպման ժամանակ բացատրություններ տալը գերադրական աստիճանի անլուրջ է։ Երկիրը սպասում է պատասխանի, որքան էլ ջանք չխնայենք ձևացնելու, թե կյանքը շարունակվում է․․․

Պատերազմից անցել է կես տարի։ Մենք մեծ կանգառում ենք հայտնվել, կանգառը չվացուցակ չունի։ Որովհետև ընտրության պատրաստվող վարչապետը չի պատասխանել կանգառում կանգածների հարցին՝ ինչպես պատահեց սա․․․ Որքան էլ խորապես հարգենք Ուջան գյուղի պատմությունը, այնուամենայնիվ, մեծ աղետի մասին Ուջանի աշակերտների հետ հանդիպման ժամանակ բացատրություններ տալը գերադրական աստիճանի անլուրջ է։ Երկիրը սպասում է պատասխանի, որքան էլ ջանք չխնայենք ձևացնելու, թե կյանքը շարունակվում է․․․

Այսօր թատրոնի միջազգային օրն է․ «Երևանում կկայանա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։