Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը ստացել է 500 միլիոն դոլարի ներդրում

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan ընկերությունը ստացել է նոր՝ 500 միլիոն դոլարի ներդրում։ Ներդրումային այս փուլը գլխավորում են Tiger Global Management-ն ու Sequoia Capital Global Equities-ը՝ H.I.G. Growth Partners-ի մասնակցությամբ։

ServiceTitan-ը ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Ընկերությունն ունի ավելի քան 7 500 հաճախորդ ընկերություն, որոնց տարեկան եկամուտները միասին կազմում են մոտ 20 միլիարդ դոլար։

ServiceTitan-ի հիմնադիրներն են Վահե Կուզոյանը և Արա Մահդեսյանը։ Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Գլենդելում։ Հայաստանյան գրասենյակը բացվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ ընկերությունը Հայաստանում ուներ հինգ աշխատակից և գնահատվում էր 1,65 միլիարդ դոլար։

2,5 տարի անց՝ ընկերությունը Հայաստանում ունի ավելի քան 150 աշխատակից, իսկ ամբողջ ընկերության արժեքը աճել է ավելի քան հինգ անգամ և այժմ գնահատվում է 8,3 միլիարդ դոլար։

Հետաքրքրական է, որ հայաստանյան գրասենյակի բոլոր աշխատակիցներն ունեն բաժնետոմս (օպցիոն) ձեռք բերելու հնարավորություն (stock options)։ Հայաստանում մարդիկ արդեն սկսում են գնահատել ու արժևորել օպցիոնների հնարավորությունը, քանի որ ընկերության հաջողության դեպքում, երբ այն բորսայում իրականացնի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) և դառնա հանրային, աշխատակիցները կկարողանան իրենց օպցիոնները վերածել գումարի։

Ստացված ներդրումն ուղղված է լինելու ընկերության շարունակական աճն ապահովելուն, ծառայությունների որակը բարելավելուն և թիմում լավագույն մասնագետներին ներգրավելուն։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել