Ապաշնորհ ենք կարևոր ինչ-որ տեղ, տեղը չի գտնվում հստակ

Սկիզբը՝ այստեղ։

Դեկտեմբերի տասին Բաքվում զորահանդես էր։ Ռազմական շքերթ։

Երևանում աշխատում էին չնայել։

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները, և հատկապես առաջինը, հաղթանակի բացառիկ ցոփության մեջ, Բաքվի հրապարակում մտավ փաշայի իր երազած կերպարի մեջ։ Բաքուն հաղթանակած է, հզոր, ցոփության հաճույքի մեջ, Բաքուն ուժեղ է, Էրդողանը՝ ամուր։ Բաքուն դեռ չգիտի իր զոհերի թվի մասին, բայց չի բացառվում, որ չի էլ իմանա։ Հայաստանը պարտված է, նվաստացած, Հայաստանը գիտի իր զոհերի թվի մասին։

Մայրս պատմում էր, որ Բաքվի կենտրոնի նախահեղափոխական շրջանում Բանդարնայա կոչվող փողոցի վրա գտնվող իր նախապապի տունը, որ զբաղեցնում էին Ներսես, Զարմայր եղբայրներն ու Սիրանուշ քույրը, լավագույն բանն է, որ տեսել է իր կյանքում, և այդ տունն իր բարքերով, մշակույթով մտել էր մորս երակների մեջ։ Մայրս սովորել է Բաքվի կենտրոնի համար 23 դպրոցում, ու ավարտել Բաքվի Ինդուստրիալ ինստիտուտը, երկուսն էլ գերազանցությամբ։ Մորս Ներսես Տեր-Կարապետյանց նախապապը Բաքվի սուրբ Թադեոս-Բարդուղիմեոս եկեղեցու ավագ քահանան էր։ Այդ եկեղեցու տեղում վաղուց Բաքվի կոնսերվատորիայի շենքն է։

Ես ուշադիր նայել եմ արնախում պատերազմի ավարտից մեկ ամիս անց տեղի ունեցող զորահանդեսը։ Նայել եմ հատուկ, որովհետև ուզում էի տեսնել իրականության խորքը, առանց մեռած պաթոսի, առանց մի գրամ սենտիմենտալ հովվերգական պատմությունների, առանց ցավի ու առանց ամոթի։ Ես ուզում էի տեսնել նրանց հաղթանակի ու մեր պարտության հատակը։ Մենք ուժեղ պարտվել ենք։ Երևանի փողոցներով այլևս չեն հնչում ֆիդայական երգեր։ «Լաոն» լռել է։ Միայն փողոցի ակարդեոնահարը նվագում է՝ «գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին», ու հուզվում է կեսից, ընդհատում ու բարձրաձայն, Ղարաբաղի լսած, ոչ ճիշտ բարբառով ասում՝ «լոխ լյավ ա լինելու»։ Ու անցորդները ժպտում են խեղճ։

Իսկ Բաքվի զորահանդեսի ամբողջ ընթացքում, ասիական անառողջ ցոփության մեջ ես միայն պատանեկության տարիների գեղեցկուհի մորս էի տեսնում՝ շագանակագույն լայն հյուսը մի կողմի վրա, մեծ սպիտակ լայն ժպիտը, ծիծաղը զրնգուն զանգի պես, ու «Дом советов» շքեղ սպիտակ շենքի մոտով անցնող իրենց մայիսմեկյան շքերթը, իր համակուրսեցի հրեա, լեհ, ռուս ընկերների հետ դեպի ծով դուրս գալու պահը, ու մորս լեհ Ֆրանտիշեկ դասընկերոջը, որն անհասկանալի ամուսնացել էր ադրբեջանուհու հետ։ Այդ լուսանկարը կա մեր ընտանեկան ալբոմում։

Մեր ընտանեկան ալբոմում կա նաև երկու լուսանկար-փաստաթուղթ՝ մորս դասարանի ավարտական լուսանկարն ու Բաքվի Ինդուստրիալ ինտիտուտի իր կուրսի ավարտական նկարը, որտեղ մի քանի ադրբեջանցի են սովորում, իսկ մնացածը հայեր, հրեաներ, ռուսներ, լեհեր ․․․

Ապաշնորհ ենք կարևոր ինչ-որ տեղ։ Տեղը չի գտնվում հստակ։

Դեկտեմբերի 14-ին թույլ անձրև էր մաղում։ Էրեբունի ռազմական օդանաավկայանում վայրէջք կատարեց հայ գերիներին Երևան բերող ռուսական ինքնաթիռը։

Երևանը հաղթած ֆուտբոլիստներ է դիմավորել, աշխարհի չեմպիոնի գավաթակիր շախմատիստներ, Շառլ Ազնավուրին, Հռոմի Պապին, բայց գերիներ առաջին անգամ էր դիմավորում։

Գորիս-Կապան ճանապարհի Որոտան – Դավիթ-Բեկ հատվածում ադրբեջանցի զինվորներ են քայլում։ ԱԱԾ-ն հաղորդագրությամբ հորդորում է Գորիս-Կապան ճանապարհի Որտան – Դավիթ-Բեկ հատվածում զգոն լինել։

Աղայանի բացատրական բառարանում «զգոն» բառի բացատրությունը՝ խոհեմ, խելացի, արթուն, զգաստ, աչալուրջ, հեզաբարո, հեզ, հանդարտ, պարկեշտ։

Ուրեմն, եթե նշված հատվածում ադրբեջանցի զինվորները փորձեն կանգնեցնել ՀՀ քաղաքացու մեքենան, վերջինս անմիջապես պետք է ցույց տա իր ինտելեկտը, արթնանա, ուշադիր նայի ադրբեջանցիների աչքերի մեջ, մեղմ ձայնով խոսի, որ հեզ թվա, և վերջապես՝ պատմի իր պարկեշտության մասին։

Պատերազմը սկսվելու յոթանասուներորդ օրը՝ դեկտեմբերի քսանին, հայտնաբերվում են ժամկետային ծառայող վեց հայ տղա։ Հրաշքը միշտ հրաշալի է, այս դեպքում՝ հնգապատիկ։ Տղաները նման են ռոբինզոնների՝ մորուքով, հնամաշ շորերով, տանջված, քայլում են դժվարությամբ, որովհետև սառեցրել են ոտքերը, իրենցից մեկը հրազենային վիրավորում ունի։

Ստեփանակերտի հոսպիտալում նրանց են այցելում Արայիկ Հարությունյանն ու Տիգրան Ավինյանը։

Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողների անհասկանալի ցիրուցան են եղել մարտի դաշտում, մնացել են առանց հրամանատարների, պետությունը յոթանասուն օր չի կարողացել գտնել իր զինվորներին, և Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջին հարցը «Բա ինչ էիք ուտում»-ն է։

Ահա, և վերջ։ Առայժմ, այսօրվա դրությամբ «Արցախը Հայաստան է և վերջ» և «Պայքար, պայքար մինչև վերջ»-ից ճիշտ է միայն «վերջ»-ը: Հայաստանից Արցախ զորակոչը դադարեցվել է։ Բոլոր նրանք, ովքեր ջանք չեն խնայել իրենց զինվորին Ղարաբաղից Երևան տեղափոխելու համար՝ կրքոտ տխրություն են բեմադրում, բոլոր նրանք, ովքեր դա չեն արել՝ մտածում են ելքերի մասին։ Սուտը, հարատև ու հարաճուն սուտը կործանեց մեզ և մեր երկիրը, բայց դեռ քչերն են համարձակվել մերժել սուտը։ Սուտը փափուկ է ու պաշտպանիչ շերտերով, այն ապրեցնող է՝ մինչև առաջին իրական ողբերգությունը։

Երևանը անիրական պաթոսի քաղաքից դարձավ իրական զոհերի քաղաք։

Քաղաքի ամանորյա նվերը ԴՆԹ-ի երկրորդ սարքն էր։ Քաղաքը ԴՆԹ էր հանձնում։

Մարդիկ հարցնում են իրար, թե ինչու հասարակությունը համարժեք չի արձագանքում կատարվածին։ Տարբերակները մի քանիսն են, ես հակված եմ մտածելու, որ համարժեք, այսինքն՝ բուռն ծանր արձագանքում են, երբ ողբերգությունն ավարտված են զգում և ուղեղի ու հոգու ողջ ռեսուրսով վերապրում են ողբերգությանը։ Մարդիկ ենթագիտակցության մեջ կախման կետ են դրել ու սպասում են։

Իսկ երկրում նոր ընտրություններ են։

Վարչապետը պարբերաբար ծնկում է սուսերամարտիկի կեցվածքով՝ փորձելով ներազդել մարդկանց ցնցված բանականության վրա։

Դատարաններն աստիճանաբար թեթևանում են։

Բոլորը բոլորից խռով են, բոլորը բոլորին մեղադրում են, քանի որ բոլորն ունեցել են իրենց նախընտրած բռնապետը։

Պատերազմից անցել է կես տարի։ Մենք մեծ կանգառում ենք հայտնվել, կանգառը չվացուցակ չունի։ Որովհետև ընտրության պատրաստվող վարչապետը չի պատասխանել կանգառում կանգածների հարցին՝ ինչպես պատահեց սա․․․ Որքան էլ խորապես հարգենք Ուջան գյուղի պատմությունը, այնուամենայնիվ, մեծ աղետի մասին Ուջանի աշակերտների հետ հանդիպման ժամանակ բացատրություններ տալը գերադրական աստիճանի անլուրջ է։ Երկիրը սպասում է պատասխանի, որքան էլ ջանք չխնայենք ձևացնելու, թե կյանքը շարունակվում է․․․

Այսօր թատրոնի միջազգային օրն է․ «Երևանում կկայանա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը։

Մեկնաբանել