Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ AstraZeneca

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութերը նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստելու, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների համար։

«Կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Իսկ ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում AstraZeneca-ի կլինիկական փորձարկման 3-րդ փուլի վերաբերյալ վերջին հայտարարության համաձայն, պատվաստանյութն ապահովում է՝ ախտանշանային COVID-19-ի կանխարգելում` 76% արդյունավետություն, հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքերի և հոսպիտալացման կանխարգելում՝ 100% արդյունավետություն, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում ախտանշանային COVID-19-ի կանխարգելում՝ 85% արդյունավետություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանում պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով:

Մեկնաբանել