Freedom House-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում չեղարկել զրպարտության մասին օրենքը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին հորդորում է չեղարկել զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը բարձրացնող օրենքը, որն ընդունվել էր մարտի 24-ին։ 

«Հայաստանի իշխանությունների պարտավորությունն է պաշտպանել երկրում մամուլի ազատությունն ու ազատ կամարտահայտության իրավունքը։

Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը աջակցում է տուգանքների, որոնք ճնշում են ազատ կամարտահայտումն ու սպառնում երկրի լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը։

Քաղաքացիական հասարակությունն իրավացիորեն քննադատել է օրենքը այն հիմնավորմամբ, որ այն կարող է չարաշահվել մեծ տուգանքներ գանձելու և անկախ մեդիա կազմակերպությունների վրա քաղաքական ճնշում բանեցնելու նպատակով՝ քաղաքական գործիչներին ու հանրային այլ ազդեցիկ դեմքերին քննադատելու համար։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին լրջորեն հաշվի նստել քաղաքացիական հասարակության և մեդիա կազմակերպությունների մտահոգությունների հետ և չեղարկել օրենքը»,- ասված է Freedom House-ի հայտարարությունում։

***

Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով ավելի է բարձրացվում վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված նյութական վնասի հատուցման չափը։ Նախագծին կողմ էր 76, դեմ՝ 40 և 3 պատգամավոր։

Ալեն Սիմոնյանի առաջարկի համաձայն՝ վիրավորանքի համար գործող 1 մլն դրամի հատուցման չափը կբարձրացվի մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության դեպքում 2 մլն դրամ փոխհատուցումը՝ մինչև 6 մլն դրամ։

Նախագծի հեղինակը հիմնավորել էր, որ փաստաթուղթը «անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար»։

Օրինագծին մինչև այժմ դեմ էր արտահայտվել կառավարությունը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանը «որևէ կերպ չի հիմնավորել այն հանգամանքը և չի բերել պրակտիկայից համապատասխան օրինակներ, երբ իրավախախտի նկատմամբ քաղաքացիական օրենսգրքի՝ գործող խմբագրությամբ սահմանված փոխհատուցման չափերը բավարար չեն եղել»։