Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մտադրությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անհապաղ խոսակցություն չի պահանջում․ ադ մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի մամուլի քարտուղարը հավելել է, որ առաջնորդների շփումները մշտական բնույթ են կրում: «Նա (Փաշինյանը) կմնա Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ուստի այդ որոշումը, որը հրապարակվել է, անհապաղ խոսակցություն չի պահանջում», – Պեսկովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Պաշտոնյան նաև հավելել է, որ երկու երկրների առաջնորդները «բոլորովին վերջերս են շփվել, շփումներն անընդհատ են ընթանում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի բնակիչների հետ հանդիպմանն առաջին անգամ հայտարարել է իր հրաժարականի մոտավոր ժամկետը. նա մտադիր է դա անել ապրիլին:

Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն ընդունել են վարչապետի «մարտահրավերը»՝ հայտարարելով, որ արտահերթ ընտրությունները պետք է վերածվեն «Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ծրագրի»։

Մեկնաբանել