Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ բանակցություններ չի վարում։
«Թուրքիայի հետ որևէ ձևաչափով բանակցություններ այսօր չկան»,- ասել է Այվազյանը։
Արտգործնախարարի խոսքով՝ մինչ որևէ գործընթացի մասին խոսելը, պետք է գերիների խնդրին լուծում տրվի․ «Իհարկե, առաջին քայլը պետք է լինի գերիների, հումանիտար այս կարևոր հարցի շուտափույթ լուծումը՝ առանց որևէ նախապայմանների»,- նշել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով «Թուրքիան Հայաստանի համար թշնամի՞ պետություն է, թե՞ ոչ» հարցին, ասել էր․ «Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն»։
Հարցին, թե անվտանգության խորհրդի քարտուղարը ի՞նչ նկատի ուներ՝ ասելով «շտկումներ պետք է անել», Արա Այվազյանը պատասխանեց․ «Խնդրում եմ այդ հարցը ուղղել անվտանգության խորհրդի քարտուղարին, ես չեմ մեկնաբանում»։
Կարդացեք նաև՝ «ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»