«Սանիթեքը» դիմել է միջազգային արբիտրաժային դատարան

«Սանիթեք» ընկերությունը հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ ընդդեմ Հայաստանի Կառավարության և Երևանի քաղաքապետարանի։ Այս մասին ասվում է «Սանիթեք» ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ներդրումային արբիտրաժային հայցը ներկայացվել է Համաշխարհային բանկի խմբի մաս կազմող Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (International Centre for Settlement of Investment Disputes, ICSID)։

«Վեճն առաջացել է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից Լիբանան-Հայաստան և Կանադա-Հայաստան ներդրումների պաշտպանության համաձայնագրերի շարունակական կոպիտ խախտումներից՝ կապված Երևանի աղբահանության ոլորտում «Սանիթեքի» ներդրումների հետ: Ավելի կոնկրետ, վեճը բխում է Հայաստանի Կառավարության խտրական և բռնագրավվող գործողություններից, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների ապօրինի գործողություններից: Եվ չնայած այն հանգամանքին, որ «Սանիթեքի» աշխատանքն ի սկզբանե արժանացել էր Երևանի բնակիչների բարձր գնահատականին՝ Երևանի քաղաքապետարանը չկարողացավ կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները և ի վերջո, մինչ կոնցեսիոն պայմանագրերի ժամկետը լրանալը որոշեց հեռացնել «Սանիթեքին»՝ փոխարինելով պետական աղբահանության ընկերությամբ»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ «Սանիթեքի»՝ Կառավարության և քաղաքապետարանի մոտեցումն ուներ քաղաքական դրդապատճառ․ «Նպատակն էր «Սանիթեքին» դարձնել քավության նոխազ՝ քաղաքական առավելություն ստանալու համար՝ քաղաքապետարանին մեղադրելով աղբահանության ոլորտի ղեկավարման և «Սանիթեքի» նկատմամբ վերահսկողության ռազմավարական բացթողումների մեջ»։

«Սանիթեքի» վնասները, ինչպես Կառավարության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործողությունների և բացթողումների արդյունքում, ընկերության հաշվարկներով՝ գերազանցում են 25 միլիոն դոլարը:

2019 թ․ հոկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը և ընկերության նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերության կողմից։ Քաղաքապետ Հայկ Մարությանը ասել էր, որ «Սանիթեք» ընկերությանն է փոխանցվել 160 միլիոն դրամ։

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության փոխարեն ստեղծեց աղբահանությամբ և սանմաքրմամբ զբաղվող պետական ընկերություն՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։