Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու գործում պետք է հիշեն բոլորը. Պեսկով

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը Ղարաբաղում անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմը դադարեցնելու գործում պետք է հիշեն բոլորը: Պեսկովն այս հայտարարությունն արել է ռուսաստանյան «Аргументы и факты» («Արգումնետի ի ֆակտի») թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե «մտավախություն չկա՞, որ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մոսկվան կկորցնի Անդրկովկասի հանրապետությունները՝ որպես բարեկամներ»։

«Հայաստանում ներքին խառնաշփոթ է, իսկ Ադրբեջանն ավելի ու ավելի է ձգտում դեպի Թուրքիա»,- նկատել է լրագրողը։ Պեսկովը հավաստիացրել է, որ «Ռուսաստանը հիանալի, վստահելի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա․ դրանք կարող են շատ-շատ կողմեր ունենալ, որոնք փոխշահավետ են»:

Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ Պեսկովը նկատել է, որ Երևանի հետ նույնպես «պատմականորեն լավ հարաբերություններ են ձևավորվել»․ «Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք Հայաստանին մեծ օգուտ են բերում՝ թե քաղաքական, թե տնտեսական»։

«Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել… Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու գործում պետք է հիշեն բոլորը», – եզրափակել է Պեսկովը:

Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբերի բռնկվեց լայնածավալ պատերազմ, որը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հայտարարության ստորագրմամբ։

Մեկնաբանել