Եվրո 2012. Գերմանիան դժվարությամբ հաղթում է Պորտուգալիային (տեսանյութ)

Եվրո 2012-ի խմբային փուլում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն և հավասարվեց B խմբի առաջին անակնկալի հեղինակ Դանիային:

Հանդիպումն այնքան էլ հետաքրքիր չստացվեց. պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուն իր թիմին հրահանգել էր ամբողջ թիմով պաշտպանվել և հնարավորության դեպքում գնդակն ուղարկել Կրիշտիանո Ռոնալդուին, ով պետք է փորձեր միայնակ ճեղքել գերմանական պաշտպանությունը: Մինչև 72-րդ րոպեն պորտուգալացիները, բացառությամբ Ռոնալդուի, հստակ կատարում էին իրենց առջև դրված խնդիրը և Լյովի սաները ոչ մի լուրջ վտանգավոր գրոհ չէին կարողանում կազմակերպել: Ռոնալդուն ժամանակ առ ժամանակ ստանում էր գնդակը, բայց 3-4 պաշտպանի դեմ նա ոչինչ չէր կարողանում անել:

Ինչևէ, 72-րդ րոպեին գերմանացիներն ի վերջո խփեցին անհրաժեշտ գոլը, և ո՞վ աչքի ընկավ: Իհարկե, Մարիո Գոմեսը: Պորտուգալիայի հավաքականի պաշտպանները սեփական տուգանային հրապարակում մի ակնթարթ հսկողությունից բաց թողեցին բունդեսթիմի կենտրոնական հարձակվողին և Մարիոն մոտ տարածությունից գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին:

Այդուհետ Բենտուի սաներն ակտիվացան և սկսեցի շատ ավելի շատ ժամանակ հատկացնել գրոհներին: Դրանցից 2-ը կարող էին գոլով ավարտվել. մի դեպքում Նանիի հարվածից հետո գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, մի դեպքում էլ փոխարինման մտած Վարելայի հարվածից հետո Մանուել Նոյերը անհավանական սեյվ կատարեց: Գերմանիա – Պորտուգալիա` 1:0, Գոմեսի գոլը հաղթական էր:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/O9qek9zhhiY

Մեկնաբանել