Գլխավոր Լրահոս

Հայկական ու թուրքական ֆիլմերի ցուցադրություն՝ մեկ խորագրի ներքո

Երևանի «Նաիրի» կինոթատրոնում հունիսի 11-ին կազմակերպվել է հայկական ու թուրքական ֆիլմերի ցուցադրություն, որը կշարունակվի նաև հունիսի 13-ին: Այսօր անցկացվել է կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս: «Քաղցր վարանմունք» խորագրով միջոցառումների շարքը աշխարհի տարբեր երկրների մասնակցությամբ իրականացվող ավելի լայն՝ «Քաղցր 60-ականներ» նախագծի ծրագրերից է:

Երեք տարի առաջ մեկնարկած «Քաղցր 60-ականներ»-ի նախաձեռնողներից մեկը արվեստաբան Ռուբեն Արևշատյանն է: Նրա կարծիքով՝  60-ականները կարևոր և բեկումնային են եղել նաև Հայաստանի ու Թուրքիայի պատմության մեջ:  «1965 թ. սկսեց կիրառվել «ցեղասպանություն» բառը: Հենց այդ ժամանակ է Հայաստանը ձևակերպել իր ինքնությունը՝ Թուրքիան ընդունելով իբրև իր հակապատկերը»,-ասում է Արևշատյանը: Ըստ նրա՝ նույնանման խնդրի առաջ էր նաև Թուրքիան, որը ևս իր ինքնությունն էր որոնում, սակայն արդեն  ազգայնականության համատեքստում: «Մենք որոշեցինք, որ դասական ֆիլմերը արտահայտում են այս գործընթացները»,-ասաց Ռուբեն Արևշատյանը:

«Քաղցր վարանմունք» ծրագիրը մեկնարկել է մայիսի 17-20-ը Թուրքիայում: Ստամբուլի SALT Galata մշակութային կենտրոնում ևս ցուցադրվել են 1960-ականների դասական ֆիլմեր՝ չորսական հայկական և թուրքական: «Հայֆիլմ» կինոստուդիայի «Եռանկյունի», «Հայրիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Բարև, ես եմ», և այդ թվերին վերելք ապրող թուրքական կինոյի լավագույն «Հայրենաբաղձ թռչունները», «Մեկ գիշերվա հարսը», «Մարմնավաճառ սերս» և «Դառը կյանք» ֆիլմերը, ըստ համակարգողների, դարձել են երկու հասարակությունների ինքնության խորհրդանիշեր, իսկ դրանցում հնչող արտահայտությունները կամ դրվագները դարձել են թևավոր խոսքեր:

«Քաղցր վարանմունք» ծրագիրը, որն իրականացվում է Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի, թուրքական Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի համատեղ ջանքերով, նպատակ ունի հնարավորություն տալ Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին՝ տեղեկանալու երկու երկրներում հանրային գիտակցությունը ձևավորող մշակութային արտադրանքին ։ 

Երևանյան կոնֆերանսին մասնակցեցին արվեստաբաններ, արվեստի քննադատներ և գրականագետներ Հայաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից:  «Քաղցր 60-ականներ»-ի նյութերը կհրատարակվեն:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում