Վիճարկվող 300․1 հոդվածը չի կարող ունենալ իրավական որոշակիության բավարար աստիճան․ ՍԴ

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա կայացրած որոշումը։ Դատարանը անվավեր է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ այսպիսով բավարարելով դիմումը։

Դատարանն իր իրավական դիրքորոշման մեջ նախ անդրադառնում է իրավական ակտերի հետադարձ ուժով գործողությանը՝ մեջբերելով 2011-ի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1000 որոշումից հատվածներ։ ՍԴ-ն արձանագրում է, որ «իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից»։

Ընդ որում, ըստ դատարանի, բացառություններն իրենց հերթին տարբեր են։ Այս դեպքերում ևս Սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1000 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ իրավական ակտի հետադարձությունը թույլատրվում է բացառիկ դեպքերում, և տվյալ ակտն ընդունող մարմնի՝ այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու որոշումը պետք է հիմնվի հասարակության և պետության համար նման որոշման հնարավոր իրավական հետևանքների բազմակողմանի վերլուծության և գնահատականի վրա։

Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ Սահմանադրական դատարանը հղում է արել իր նախկին որոշումներին, ըստ որոնց՝ «որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449)»։

Դատարանը արձանագրել է, որ վիճարկվող 300.1-ին հոդվածում վկայակոչված սահմանադրական մյուս նորմերը թեև թողնում են այնպիսի տպավորություն, որ Սահմանադրության 2005թ. և 2015թ. փոփոխություններով տեքստերն առերևույթ ունեն կարգավորման միևնույն առարկան, այդուհանդերձ, դրանք ենթարկվել են էական բովանդակային փոփոխությունների:

ՍԴ-ն իր դիրքորոշման մեջ նաև հիշատակել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից 2014 թվականին հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի որոշ դրույթներ և արձանագրել.

«2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրի կողմից՝ տևական ժամանակ Օրենսգրքի վիճարկվող հոդվածում համապատասխան փոփոխություններ չկատարելու հանգամանքը թե՛ իրավակիրառի, թե՛ շահագրգիռ անձի համար ստեղծում է իրավական որոշակիության խնդիրներ»:

Սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող հոդվածն այս իմաստով չի կարող ունենալ իրավական որոշակիության բավարար աստիճան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ եզրույթի դատական մեկնաբանության առկայությամբ գործնականում դժվար է պատկերացնել, որ հնարավոր է երբևէ կյանքի կոչել վիճարկվող հոդվածը և որևէ անձի մեղադրանք առաջադրել իրավական համակարգի բաղադրամաս հանդիսացող տարրերից, օրինակ` հասարակական կամ անհատական իրավագիտակցության մեջ սահմանադրական կարգի հիմունքներից որևէ մեկի փաստացի դադարեցման մեղադրանքով:

Վերջում դատարանն արձանագրել է, որ վիճարկվող հոդվածը համահունչ չէ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:

Հոդված 78.Համաչափության սկզբունքը

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Հոդված 79.Որոշակիության սկզբունքը

Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Մեկնաբանել