HALO Trust-ի վերաբերյալ քրեական գործը Արցախի քննչականը վարույթ է ընդունել

Արցախի Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել HALO Trust-ի կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու առթիվ հարուցված քրգործը։ Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։

«Արցախի քննչական կոմիտում վարույթ է ընդունվել մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված HALO Trust կազմակերպության կողմից Արցախում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը»,- ասվում է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն էր 24News-ին հայտնել, որ բրիտանական HALO Trust ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը։

Արցախում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust ընկերությունը հերքել էր թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզի փոխանցման լուրերը։

Կարդացեք նաև՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը։