Մարտի 1-ի կամ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց։ Մարտի 30-ին դատարանը ստացել էր միջնորդություններ ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրող կողմերից։
Դատախազները միջնորդել էին դատական նիստը հետաձգել մինչև ապրիլի 6-ը՝ պատճառաբանելով, որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո պատրաստում է նոր, ծավալուն միջնորդություն ներկայացնել։ Մեղադրողներից որևէ մեկը նիստին չէր ներկայացել։
Պաշտպանական կողմը ևս միջնորդություն էր ներկայացրել նախքան նիստի մեկնարկը՝ խնդրելով գործը կարճել՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։
Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին առաջարկեց քննարկել մեղադրող կողմի միջնորդությունը՝ նիստը հետաձգելու վերաբերյալ։
Հերթական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատարանի էլեկտրոնային հասցեին ուղարկել են միջնորդություն, որպեսզի Քրեական օրենսգրքի 300.1-ով քրեական հետապնդումը դադարեցվի, այդ մասով գործը կարճվի, խափանման միջոցը փոխվի ու դատավորը պարտավորեցնի նախաքննական մարմիններին գրավոր ներողություն խնդրել Քոչարյանից։
Ալումյանը, ինչպես նաև Քոչարյանի մյուս պաշտպանները դատարանին կոչ արեցին ոչ թե քննարկել մեղադրողների միջնորդությունը, այլ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում»,- դատավորին դիմելով՝ ասաց Հայկ Ալումյանը և հավելեց, որ դատավորը «մտադրված է քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որն այլևս գոյություն չունի»։
«Այն մարդիկ, որոնք պատասխանատու են այս պրոցեսի համար ու փորձել են ձեզ ներքաշել դրա մեջ, էդ մարդիկ հիմա լքել են ձեզ»,- ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը դատավոր Դանիբեկյանի համար «փրկության ճյուղ է եղել»։ Նրա առարկության ընթացքում դատավորը կարգադրիչին հրահանգեց փաստաբանից վերցնել խոսափողը, փաստաբանի և կարգադրիչի միջև վիճաբանություն ծագեց։
Պաշտպաններին լսելուց հետո, այդուհանդերձ, դատարանը որոշեց նիստը հետաձգել և նշանակել ապրիլի 2-ին։
—
Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի և առաջին ատյանի դատարանի դիմումը՝ անվավեր ճանաչելով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր Քոչարյանը։
2018թ․ հուլիսին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին։ Գործի քննությունը դատարանում սկսվեց 2019-ի ապրիլին։ Առաջին ատյանում կայացել է ավելի քան 65 նիստ, մի քանի անգամ նիստեր չեն եղել հիմնականում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունների պատճառով։ Երբեմն նիստերն ընթացել են լարված մթնոլորտում։
Գործով անցնող գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երեք անգամ։ Առաջին անգամ նրան դատարանը կալանավորեց 2018-ի հուլիսին։ Նա կալանքի տակ գտնվել է շուրջ կես տարի։ 2020-ի հունիսին Քոչարյանը 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։
Դատարաններում պարբերաբար տարաբնույթ, այդ թվում՝ քաղաքական ելույթներ են ունեցել մեղադրյալները, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը։
Մարտի 1-ի գործը Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործն է, դրանում շոշափվում են երկրի նախկին և ներկա բոլոր ղեկավարների անունները։ Առաջին ատյանում՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, դատական նիստին եկել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, նրանց երաշխավորությամբ 2019-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց։
Միայն Վերաքննիչ քրեական դատարանում գործն անցել է 13 դատավորի աշխատասենյակով։ Հրապարակվել է շուրջ 20 որոշում։ Երկու դատավոր (Ալեքսանդր Ազարյան, Մեսրոպ Պապյան) ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործից։
Գևորգ Թոսունյան