«Այս հոդվածը հակասահմանադրական ճանաչելով՝ Մարտի 1-ի էջը հո չփակեցի՞ն»․ Անդրանիկ Քոչարյան

«Այդ հոդվածը նոր չէ, որ դրված է, դրված էր նախկինում, և Հրայր Թովմասյանը, կարծես, նոր հիշեց, որ այդպիսի հոդվածի հետ կապված կարող է խնդիր առաջանալ»․ Ազգային ժողովի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՍիվիլՆեթի տաղավարում խոսել է Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշման մասին։

«Այդ հոդվածը, որը նախկինում 300 հոդվածն էր, նախկին իշխանությունների ժամանակ վերաձևակերպվեց, որովհետև միջազգային կառույցները, ըստ էության, նախկին իշխանություններին ասում էին, որ մեղադրանքը, որ ներկայացված է Մարտի 1-ի գործով մարդկանց, և նրանք քաղաքական բանտարկյալ էին արդեն համարվում, այդ խնդիրը լուծելու համար, գտան էսպիսի լուծում՝ Դավիթ Հարությունյանի թեթև ձեռքով, և կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը նույնպես մասնակից էր այդ ձևափոխումներին։ Նրանց խումբը մշտապես սահմանադրական փոփոխությունների կամ առանձին հոդվածների փոփոխությունների մշտական գործով աշխատանքային խումբ է եղել, և այդ հոդվածը նոր չէ, որ դրված է, դրված էր նախկինում, և Հրայր Թովմասյանը, կարծես, նոր հիշեց, որ այդպիսի հոդվածի հետ կապված կարող է խնդիր առաջանալ»,- նշեց Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի՝ տպավորություն է ստեղծվում, որ «գործ ունենք քաղաքական պատվերի հետ, քանի որ, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմում էր Սահմանադրական դատարան, ակնհայտ էր, որ իրենք կենտրոնացած են այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վրա»

«Այս պահին այս հոդվածը հակասահմանադրական ճանաչելով՝ Մարտի 1-ի էջը հո չփակեցի՞ն։ Վերջին հաշվով Ռոբերտ Քոչարյանն է կառավարել էդ օրերին և իր որոշումների արդյունքում ձևավորվել են և՛ ապօրինի զինված խմբավորումներ, և՛ բանակի օգտագործումը, որ անընդհատ փորձում էին կոծկել, բայց Ղարաբաղից 700 հոգի անձնակազմ են բերել Հայաստան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ ավելացնելով, որ սպասում են գլխավոր դատախազության հայտարարությանը, որովհետև «հանցակազմը առկա է, կամ թող վերաորակավորեն»։