44-օրյա պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021թ.-ի մարտի 15-ի դրությամբ Արցախից զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 95 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 39 անձի։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
«Որպես մեղադրյալ ներգրավված 39 անձանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը: 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով, 2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով»,- ասվում է հաղորդագրությունում։
Դատախազության հաղորդած տվյալների համաձայն՝ 95 քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է: 63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքերը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում: Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր տիպի նռնակներ և այլ զինամթերք։