Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Ստեփանակերտ

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովն այցելել է Արցախ՝ ռուս խաղաղապահների համար նախատեսված հերթական մոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը:

«Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի համար նախատեսված շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, մինչև ապրիլի վերջ խաղաղապահների համար կգործարկվի շարժական հոսպիտալը», – հայտնել է պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բուլգակովը Ստեփանակերտում մասնակցել է խաղաղապահների համար նախատեսված հերթական մոդուլային ավանի բացման արարողությանը:

«Այսօրվա դրությամբ մենք ավարտում ենք 25 այդպիսի ավանների կառուցումը, ընթանում է շահագործման հանձնումը։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի», – ասել է բանակի գեներալը։

Բուլգակովը հստակեցրել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Լեռնային Ղարաբաղում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով որակյալ օգնություն կցուցաբերվի: 

«Մինչև ապրիլի վերջ մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղակայումը», – հավելել է պաշտոնյան։

Ստեփանակերտ, Գետավան, Կարակենդ, Խաչմաչե, Մարտունի, Ասկերան համայքներում 12 բլոկա-մոդուլային ավաններ են կառուցվել և շահագործման հանձնվել: Առաջիկայում նման քաղաքներ կկառուցվեն Սիսիան-2, Ճարտար, Լաչինֆ, Սոս, Ջանյաթագ, Կարմիր բազար, Մարդակերտ, Զարիսլի, Շուշի, Զաբուխ, Ջեբրաբերդ, Ղըրըքախա բնակավայրերում։

Քաղաքների կառուցման գործընթացում ներգրավվել է 589 ռազմական շինարար և 45 միավոր տեխնիկա: Բացի այդ, ռազմական գերատեսչության նյութատեխնիկական ապահովման մասնագետները լրացուցիչ աշխատանքներ են իրականացնում բլոկա-մոդուլային քաղաքներին հարող հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ:

2020թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում բռնկվել է լայնածավալ պատերազմ, որն ավարտվել է նոյեմբերի 9-ի գիշերը եռակողմ հայտարարությամբ։ Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը, կատարել գերիների և զոհվածների դիակների փոխանակում: Տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։