Պետքարտուղարությունն արձանագրել է պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ-ը հաստատել է Թուրքիայի ներգրավվածության փաստը 44-օրյա պատերազմում՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով․ այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին զեկույցում։ Դրանում նշվում է, որ Ադրբեջանը «վերականգնել է վերահսկողությունն Արցախի չորս շրջանների նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ», իսկ մնացած շրջանները վերադարձվել են հրադադարի արդյունքում:

«Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում կողմերը հայտնել են զգալի զոհերի և վայրագությունների մասին։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է վերահսկողությունը չորս հարակից տարածքների նկատմամբ, Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը հանգեցրել է Ադրբեջանին երեք լրացուցիչ տարածքների նկատմամբ վերահսկողության փոխանցմանը, ինչպես նաև տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը», – ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ 1995 թվականից Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա է: Բացի այդ, հիշատակվում է հուլիսի 12-16-ը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Տավուշում, մարդկային զոհերով ուղեկցված սահմանային բախումների մասին:

Զեկույցում նաև նշվում է, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո սեպտեմբերի 27-ին Հայաստանի կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն, որով սահմանափակումներ են մտցվել կարծիքների արտահայտման, հավաքների և տեղաշարժի ազատության վրա:

Մեկնաբանել