Բաքուն հայտարարում է, թե Հայաստանը «Իսկանդերով» հարվածել է Շուշիին

Հայկական կողմը 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում օգտագործել է «Իսկանդեր» հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ներկայացուցիչը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերից գործակալությունը Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է իրականացնում:

«2021 թվականի մարտի 15-ին ականազերծման ընթացքում հայտնաբերվել են երկու հրթիռի բեկորներ», – հայտնել է կառույցի ներկայացուցիչը՝ ներկայացնելով հրթիռների բեկորների աշխարհագրական կոորդինատները։

Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցչի խոսքով՝ ստուգման ընթացքում տարբերակիչ համարով (9Մ723) մասնագետները պարզել են, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն «տեղեկություն չունի Հայաստանի կողմից «Իսկանդերների» օգտագործման մասին»:

Անցյալ տարվա նոյեմբերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրներն օգտագործվել են պատերազմի վերջին օրերին։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այս տարվա փետրվարին հարցազրույցներից մեկում նշել էր, որ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։

Թեման զարգացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո, որում նա ասել էր, թե «հրթիռները պայթել են 10 տոկոսով»։ Հայտարարությունը քննադատության է արժանացել ռուսաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ «պարոն Փաշինյանին, հավանաբար, մոլորեցրել են․ «Իսկանդերը» հակամարտության ժամանակ չի կիրառվել»։ Ավելի ուշ Կրեմլը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ «իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերների» մասին»։ Կրեմլին այս պարզաբանումը բավարարել է։

Մեկնաբանել