Կարմիր շուկան Ադրբեջանին չի հանձնվելու․ Բաբայան

Արցախի Կարմիր շուկա բնակավայրի կարգավիճակի փոփոխություն չկա, այն Ադրբեջանին չի հանձնվելու։ Այս մասին 24news-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

«Այդ խոշոր բնակավայրի հանձնումն Ադրբեջանին կնշանակի, որ Մարտունու շրջանն ամբողջությամբ դատարկվելու է և ոչ միայն։ Կարելի է ասել, որ դրանից հետո լուրջ վտանգ է լինելու Արցախի և արցախահայության ապագայի նկատմամբ։ Ադրբեջանը աչքը ամբողջ Արցախի վրա է և ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի, Երևանի, Սևանի։ Այն, ինչը նրանք ուզում են, չպետք է իրականություն դառնա։ Այստեղ մեր մոտեցումը հստակ է և անփոփոխ»,- ասել է Բաբայանը։

Արցախի արտգործնախարարը անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հայկական մեքենաների վրա հարձակումների դեպքերին։ Նրա կարծիքով՝ դա ահաբեկչություն է, որը կարող է նախադեպ դառնալ։

«Դա արվում է, որպեսզի ահաբեկեն, որ մարդկանց մոտ ապագայի նկատմամբ անվստահություն լինի։ Բնական է, որ նման զարգացումները չեն կարող չմտահոգել։ Այս ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն։ Կխոսենք սահմանապահ առաքելության ղեկավարության հետ, որպեսզի նոր որակ հաղորդվի անվտանգությանը»,- նշել է նա։

Մեկնաբանել