Ընտրություններից առաջ կփոխվի ընտրակարգն ու մանդատների տրամադրման կարգը

Ազգային ժողովում ապրիլի 1-ին մեկնակել է Ընտրական օրենսգրքում ընտրակարգի փոփոխման նախագծի քննարկումը։ Արտահերթ նիստի օրակարգում միայն այս մեկ հարցն է։ Այն ներկայացրել է «Իմ քայլը» և որևէ խմբակցությունում չընդգրկված 4 պատգամավոր։

Նախագիծը երկու խնդիր է լուծում։ Նախ Ազգային ժողովի ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել պարզ համամասնական ընտրակարգով, գործող «ռեյտինգայինի» փոխարեն։

Բացի այդ, նորմեր են ներմուծվել կորոնավիրուսային հիվանդության պայմաններում պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Օրինակ՝ ավելացվում է նոր հոդված կարանտին սահմանելու դեպքում քվեարկության կազմակերպման համար։ Այն մասնավորապես սահմանում է.

«Հայաստանի ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում կարանտին սահմանված լինելու դեպքում քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած հատուկ կանոններով` հաշվի առնելով կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված պահանջները` առանց խոչընդոտելու ընտրական գործընթացը»:

Միաժամանակ ամբողջությամբ փոխվել է նաև պատգամավորներին մանդատների տրամադրման հոդվածը։

Նկատենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք շրջանառության մեջ դրվեցին մարտի սկզբին, նախատեսում էին առավել ընդլայնված բարեփոխումներ՝ վարչական քարոզարշավի, ռեսուրսի կիրառման, ընտրությունների թափանցիկության և այլ հարցերի վերաբերյալ։ Այս կետերը նոր նախագծում չեն ներառվել։

Գևորգ Թոսունյան