Հայաստանը շարունակելու է ներկրել AstraZeneca, պատվաստումները դեռ չեն մեկնարկել

AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափը դեռ չի բաշխվել բժշկական հաստատությունների միջև, պատվաստումներն էլ դեռ չեն սկսվել․ այս մասին ապրիլի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ կան կատարվելիք որոշակի գործողություններ։

«Մենք երեկ (մարտի 31-խմբ․) հանդիպում ենք ունեցել Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ, քննարկել ենք կատարվելիք աշխատանքների ընթացքը։ Նրանց հետ մինչև պատվաստումների գործընթացի մեկնարկը կիրականցվի և արդեն իրականցվում են վերապատրաստման դասընթացներ։ Ես հույս ունեմ, որ երկուշաբթի օրը մենք կկարողանանք ապահովել, որ մարզերում և Երևանում պատվաստանյութերն առկա լինեն»,- ասաց Ավանեսյանը։

Հարցին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է ներկրել բրիտանա-շվեյցարական AstraZeneca պատվաստանյութը, որն արգելվել է եվրոպական մի քանի երկրներում, առողջապահության նախարարը դրական պատասխանեց՝ նշելով, որ և՛ AstraZeneca-ն, և՛ մյուս բոլոր պատվաստանյութերը, որոնք միջազգային մասնագիտական կառույցներից ունեն դրական եզրակացություն, կիրառվելու են Հայաստանում։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում AstraZeneca-ի և ընդհանրապես բոլոր պատվաստանյութերի հետ կապված և շաբաթական ամփոփումներ ենք անում»,- ասաց Ավանեսյանը։

Լրագրողի հարցին, թե ինչպես նախարարը կարձագանքի տարածված լուրերին, թե Հայաստանը մերժել է Ռուսաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռք բերման համար, նախարարը նշեց, որ դրանք սուտ լուրեր են։

Խոսելով ընդհանուր կորոնավիրուսային իրավիճակի մասին՝ Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ այս պահին դեռ կան քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալացման։

«Մենք 2-3 օր լարված իրավիճակ ունեինք, հոսպիտալացման սպասող քաղաքացիների ցանկ ունեինք, և նրանց հոսպիտալացնելը տևում էր մի քանի ժամից մինչև մեկ օր։ Այս պահին էլ փոքր թվով քաղաքացիներ սպասում են հերթի մեջ՝ հոսպիտալացման համար։ Այս շաբաթվա ընթացքում մենք ծավալել ենք լրացուցիչ մոտ 300 մահճակալ, բայց մահճակալներն անվերջ չեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ թթվածնային սարքերի քանակը բավարար է։

«Վերջին տարվա ընթացքում մենք 15 լրացուցիչ թթվածնային կայան ենք հիմնել, բազմաթիվ սարքավորումներ ենք ձեռք բերել, և 3 հազար մահճակալի հագեցվածություն ենք ապահովել»,- եզրափակեց նախարարը։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել