Ալիևը կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոսել է «Զանգեզուրի միջանցքի կարևորության» և ղարաբաղյան հիմնախնդրի «լուծված» լինելու մասին։

Մարտի 31-ին Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստին Ալիևը, մասնավորապես, ասել է․ «Պատերազմից հետո կապի և հաղորդակցության նոր հնարավորություններ են ստեղծվել, և մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ: Զանգեզուրը, լինելով Հին Ադրբեջանի տարածք, թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Նա նկատել է, որ «ժամանակին Զանգեզուրը Ադրբեջանից կտրելով և տալով Հայաստանին՝ խաթարվել է թյուրքական աշխարհի միասնականությունը»:

Ալիևի համոզմամբ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնված է, և Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր այլևս գոյություն չունի»։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ պատերազմի առաջին օրերից Ադրբեջանին աջակցելու համար և նշել, որ դա «կանխարգելել է երրորդ պետությունների ներգրավվածությունը»:

Էրդողանն իր հերթին կոչ է արել թյուրքալեզու պետություններին «կանգնել Ադրբեջանի կողքին»։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ Ռամադանից հետո պատրաստվում է Ալիևի հետ այցելել Շուշի:

Նախկինում Ադրբեջանից ու Թուրքիայից հայտարարել էին Շուշի քաղաքը «թյուրքական մշակութային կենտրոնի» վերածելու մտադրության մասին: Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին պատրաստակամություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում՝ այդ թվում Շուշիում, դպրոցներ բացել, գաղափարն արժանացել է երկու երկրի ղեկավարների հավանությանը:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել