Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, ընդունել Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկին

Ապրիլի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։ Ըստ Կրեմլի կայքի՝ քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

«Գոհունակությամբ փաստվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունների ընթացքը՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ու տրանսպորտային ուղիների կարգավորումը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։

Ապրիլի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, Լեռնային Ղարաբաղում նոր լարվածության հավանականությունը նվազագույն է համարել:

«Հետպատերազմական իրավիճակը դրական է զարգանում և լարվածության հավանականությունը նվազագույն է»,- նշել է Ալիևը՝ շեշտելով եռակողմ աշխատանքային խմբի կարևորությունը:

«Ընթանում են ինտենսիվ խորհրդակցություններ, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսական կապերին: Որքան շատ լինեն շփումները, այդքան ամուր կլինի կայունությունը»,- ավելացրել է Ալիևը և շփումների հաճախականությունը առարկայական արդյունք համարել:

Ռուսաստանի փոխվարչապետը կարևորել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ աշխատանքային հանդիպումները՝ նկատելով, որ կա որոշակի առաջխաղացում, և Մոսկվան մշտապես կապի մեջ է կողմերի հետ: Օվերչուկն ու Ալիևը հանդիպմանը հայտնել են, որ նման ձևաչափով անցկացվել է հինգ հանդիպում։

Մեկնաբանել