Լավրովն ու Այվազյանը քննարկել են հայ ռազմագերիների ու մշակութային կոթողների ոչնչացման հարցերը

Ապրիլի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Արա Այվազյանը Մոսկվայում է՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

«Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները:

Այս համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել