Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման հարցերը

Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպմանը արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

Բացի այդ, Լավրովն ու Բայրամովն իրենց գոհունակությունն են հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ, այդ թվում ՝ բարձր մակարդակի առաջիկա շփումների և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստման վերաբերյալ, որը նշվելու է 2022 թվականին:

Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել էր նաև Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Լավրովն ու Այվազյանը քննարկել էին հայ ռազմագերիների ու մշակութային կոթողների ոչնչացման հարցերը։

Մեկնաբանել