Վահե Հակոբյանը «ալոգիկ» է համարում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ռուս բաժնետիրոջ դատական պահանջները

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոքր բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Վահե Հակոբյանը «անհեթեթ դատական պրոցեսներ» է համարում կոմբինատի 12,4 տոկոսի բաժնետեր, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովի կողմից կոմբինատի մյուս բաժնետերերին դատի տալու և բաժնետոմսերի առքուվաճառքի որոշումները անվավեր ճանաչելու գործընթացը։ Այդ մասին Հակոբյանն ասաց ՍիվիլՆեթի հետ զրույցում։

Մարտի 31-ին ՍիվիլՆեթը գրել էր, որ Զուրաբովը ԶՊՄԿ-ում միջանկյալ համարվող «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով դատի է տվել կոմբինատի բաժնետոմսերը տնօրինող մյուս իրավաբանական անձանց՝ պնդելով, որ 2019-ին Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից բաժնետոմսերի գնման գործընթացը եղել է ապօրինի։ 2019-ին և 2020-ին ԶՊՄԿ-ն գերմանական «Քրոնիմետ»-ից գնել էր մոտ 75 տոկոս բաժնետոմսերը։

«Ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա, այդքան ալոգիկ էր, ու համապատասխան որոշումներ կայացվեցին դատարանի կողմից»,- նշում է Հակոբյանը։

«Զանգեզուր մայնինգ»-ը իր հայցի հիմքում ներկայացրել էր այն հանգամանքը, որ կոմբինատում բաժնետոմսերի առքուվաճառքի հնարավորության դեպքում պետք է նախապատվությունը տրվեր իրենց։ Այս դիտարկմանը Հակոբյանը պատասխանում է՝ «նրանք սխալվում են, պետք է ուսումնասիրեն իրենց իրավունքները, պարտականությունները, հետո նոր դիմեն դատարան»։

Կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ Հակոբյանը չի ցանկանում խոսել Միխայիլ Զուրաբովի սկսած դատական գործընթացի դրդապատճառների մասին, քանի որ «դեռ մինչև վերջ չի հասկացել, թե ինչու են նրա (Միխայիլ Զուրաբովի) մոտեցումներն այսպիսին»։ Հակոբյանը շեշտում է՝ ԶՊՄԿ-ի տնօրենների խորհուրդը նախապես չի կարող տեղեկանալ ընկերությունում բաժնետոմսերի սեփականատերերի փոփոխությունների մասին և միայն որպես արդեն իսկ կայացած փաստ է այդ մասին տեղեկացվում։

Միխայիլ Զուրաբովը կոմբինատում բաժնետոմսեր էր ձեռք բերել 2020թ․ փետրվարին՝ այդպիսով տնօրինելով ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12,4 տոկոսը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել