Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ կառավարությունը միջնորդություն ներկայացրեց դատարանում

Ապրիլի 2-ին Վարչական դատարանում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատական նիստը։ Դատավոր Մհեր Պետրոսյանը, լսելով կողմերին, որոշում կայացրեց նիստն անցկացնել դռնբաց։ Օնիկ Գասպարյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արամ Օրբելյանը, Նիկոլ Փաշինյանինը՝ Տաթևիկ Սարուխանյանը։ ՀՀ նախագահի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին։

Վարչական դատարանում կառավարության ներկայացուցիչը խնդրեց մինչ այս դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել։ Բացի այդ, պատասխանողը բողոք էր բերել Գասպարյանի հայցը վարույթ ընդունելու՝ դատարանի որոշման դեմ։

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշել կիրառել հայցի ապահովման միջոց՝ մինչև հարցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: «Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»,- այդ ժամանակ հայտարարել էր Գասպարյանի ներկայացուցիչներից Արթուր Հովհաննիսյանը։

Այսօր կառավարության ներկայացուցիչն իր խնդրանքը հիմնավորեց նաև ռազմական դրության հանգամանքով։ Դատավոր Մհեր Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք ներկայում ռազմական դրություն կա հանրապետությունում, ինչին ի պատասխան կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ թեև փաստացի այն հանվել է, սակայն տարածաշրջանում առկա լարվածությունը թույլ է տալիս փաստել, որ ռազմական դրություն մտցնելու հիմքերը դեռևս չեն վերացել։

Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը առարկեց հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության դեմ՝ հիմնավորելով նաև այն փաստով, որ միջնորդության համար նոր երևան եկած հանգամանք չկա, բացի այդ, ըստ Օրբելյանի, բացակայում է այնպիսի իրավահարաբերություն, որ նույն դատարանը նման հարց քննարկի։

Դատարանը հետաքրքրվեց, թե հայցի ապահովման միջոցի արդեն իսկ կայացրած դատարանի որոշումը ի՞նչ է տվել հայցվորին։ Արամ Օրբելյանը պատասխանեց, որ Օնիկ Գասպարյանի կողմից դատախազություն է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում, քանի որ առկա է դատական ակտ, որը չի կատարվել։

Պատասխանողի ներկայացուցիչն էլ հայտնեց, որ հարկավոր է հարցը քննարկել պետության շահի տեսանկյունից. «Մենք գործ ունենք պետության ղեկավարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի բնականոն հարաբերությունների ապահովման անհրաժեշտության հետ, երբ մենք ասում ենք անվտանգություն, սա նկատի ունենք։ Ռազմական դրությունը հենց նոր վերացրած պետությունում, միանգամից չեն վերանում անվտանգության խնդիրները»,- նշեց նա։

Արամ Օրբելյանը ասաց, որ կառավարության ներկայացուցչի կողմից փորձ է արվում վարչապետի լիազորություններն առավել ընդլայնված ներկայացնել։

Դատարանը, լսելով կողմերին, քննարկումը համարեց ավարտված ու հայտնեց, որ իր որոշումը կուղարկի կողմերին։

Մարտի 10-ին կառավարությունը հայտարարություն էր տարածել Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։ Ավելի ուշ Գասպարյանն այդ հրամանագիրը վիճարկեց Վարչական դատարանում։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր կառավարության և վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունից հետո վարչապետը նույն օրը նախագահին էր ներկայացրել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել