Ռոբերտ Քոչարյանի դատական գործի չորս անկյունները․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը

Էրիկ Հակոբյանն իր հեղինակային հաղորդմանը քննարկում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով քրեական գործի փլուզումը, դրա համատեքստը։ 

Այս շաբաթ կքննարկենք Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործի շուրջ վերջին զարգացումները։ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը երկրի ամենաբարձր դատական ատյանն է, որոշում է կայացրել հակասահմանադրական և անվավեր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալում, որով մեղադրվում էր Քոչարյանը։ Հանրության ընդհանուր ընկալումն այն էր, որ նախկին նախագահի դեմ այս մեղադրանքը առնչություն ունի 2008թ. ընտրություններին հաջորդած մարտմեկյան սպանությունների հետ։ Սակայն իրականում այս դատական գործը դրա հետ որևէ կապ չուներ։ 

Որպեսզի հասկանանք՝ ինչ է այս գործն իսկապես նշանակում, պետք է ավելի հեռվից և ավելի լայն համատեքստով դիտարկենք, թե որտեղից են գալիս դատական այս գործերը։ Կարծում եմ՝ այստեղ չորս հարթություն կա՝ իրավական, քաղաքական, անձնական և հանրային։ 

Իրավական կողմը

Հարցին իրավական տեսանկյունից նայելով՝ միշտ բավական կասկածելի է եղել դատական այս գործի հաջողության հասնելը։ Շատ բարդ է գործող նախագահին մեղադրանք ներկայացնել սահմանադրական կարգի տապալման մեջ, կարգ, որն ինքը փաստացի վերահսկում էր։ Այս մեղադրանքը ներկայացվեց հեղափոխությունից անմիջապես հետո, և ըստ իս՝ դրա նպատակն էր անմիջապես հեղափոխությունից հետո ամեն հնարավոր մեթոդով նրան հետապնդել։ Չեմ կարծում, որ նրանք ընտրեցին ճիշտ մոտեցումը կամ նրան հետապնդելու մեթոդը, եթե դա էր նրանց մտադրությունը։ Երբ դիտարկում ենք հետխորհրդային շրջանում երկրների նախկին առաջնորդների դեմ դատական գործերը, դրանք միշտ հիմնված են շատ ավելի տարրական բաների վրա, օրինակ՝ մասնավորեցում, պետական սեփականությունը մասնավոր նպատակներով օգտագործել կամ կաշառակերություն։ Ուստի, այս գործը բավական կասկածելի էր և ամենայն հավանականությամբ երբեք էլ հաջողության չէր հասնի։ 

Այնուամենայնիվ, այս գործին զուգահեռ մեկ այլ գործ կա, որը սկսվում է ապրիլին։ Սա ներառում է նախագահի կողմից երեք միլիոն դոլարի կաշառք ստանալը՝ իր իշխանության վերջին տարիներին հանքարդյունաբերության լիցենզիա տրամադրելու համար։ Կարծում եմ՝ այս գործը հաջողությամբ պսակվելու ավելի մեծ հավանականություն ունի։

Քաղաքական կողմը

Հարցի քաղաքական տեսանկյունին նայելով,- քանի որ նախկին նախագահն ու նրա աջակիցները ներկա իշխանությունների ակնառու ընդդիմության շարքում են,- պետք է միամիտ լինել՝ հավատալու, որ այս մեղադրանքները ուղղակիորեն կապ չունեն այսօրվա քաղաքականության հետ։ Սա հասկանալու համար՝ բազմաթիվ մարդկանց և ներկայիս կառավարության ընկալումներում նրանց ընդդիմությունը ոչ թե խորհրդարանում գտնվող մարդիկ են կամ փողոցում քաղաքական կուսակցություններից որևէ մեկը։ Նրանք ընդդիմությունը տեսնում են որպես երկգլխանի ընդդիմություն՝ առաջինը նախկին նախագահն է, որին նրանք տեսնում են որպես իրենց դեմ շարժման գլխավոր ֆինանսավորող և հիմնադիր, և երկրորդը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մեդիա կայսրությունը։

Պետք է հասկանանք, որ սա տեղի չի ունենում վակումում, և որ սա տեղի է ունենում մեր ներկայիս քաղաքական մթնոլորտի պատճառով։ Կարծում եմ, որ եթե նախկին նախագահը չներգրավվեր կամ ակտիվ չլիներ, դատական այս գործերը այդքան ագրեսիվ առաջ չէին տարվի։ 

Անձնական կողմը

Երրորդ կողմը բացառապես անձնականն է։ Բոլորը գիտեն, որ Քոչարյանը և ներկա վարչապետը ատում են իրար։ Այսինքն, նեղ անձնական քաղաքականության տարրը ներքաշվում է ազգային երկխոսության տիրույթ։ Անկեղծ ասած՝ դժբախտաբար։ Ինչ սխալ բան էլ արած լինի նախկին նախագահը, նրան պետք է պատասխանատվության ենթարկել ցանկացած այլ քաղաքացու նման, և ոչ թե վարչապետի անձնական զգացմունքների հիման վրա։ 

Ավելին, հաշվի առնելով ներկա քաղաքական մթնոլորտը, մենք իսկապես ժամանակ կամ տեղ չունենք անձնական հարցերի լուծման կամ վենդետաների համար․․․ երկուստեք։ Եթե այս երկու անհատները ցանկանում են ատել միմյանց կամ իրար հետապնդել՝ տարբեր քաղաքական նպատակներից ելնելով, թող անեն դա, բայց մեր քաղաքական կամ դատական համակարգը չօգտագործեն դա անելու համար։ 

Հանրային կողմը

Այս գործի չորրորդ և գուցե ամենակարևոր կողմը հանրայինն է։ Առկա է արդարության վերականգնման խորը հանրային պահանջ, որն անվանում եմ վերականգնողական արդարություն (restorative justice)։ Այն է՝ պատժել այդ անձանց քսանհինգ տարվա կոռուպցիայի համար, որը թուլացրել է երկիրը և թույլ չի տվել նրան զարգանալ, ինչի արդյունքում այսօր մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան։ Չնայած նրան, որ, ինչպես նշեցի, սա առնչություն ունի ներկա վարչապետի՝ նախկին նախագահի հանդեպ վենդետտայի հետ, հանրության կողմից առկա է լայն աջակցություն։ Ռոբերտ Քոչարյանը երկրում լայն աջակցություն վայելող անձանց թվում չէ, և նա կարծես խորհրդանիշ է դարձել։ Նրա դեմ դատական հետապնդումը կարծես վերջին քսանհինգ տարվա բոլոր սխալների դատական հետապնդումն է։ Սա կարող է տեղի տալ կասկածելի դատական գործերի, բայց պետք է հասկանանք սրա համատեքստը։ 

Հայաստանը առաջին և վերջին երկիրը չէ, որտեղ թշնամական էլիտան գողանում, թալանում և հետ է տանում երկիրը՝ նեղ անձնական շահերից ելնելով։ Սակայն երբ նայում ենք աշխարհում նմանատիպ օրինակներին, գրեթե չկա նախադեպ, երբ երկրից գողացված հարստությունն ու գումարները վերադարձվել են կամ արդարությունը լիակատար  վերականգնվել է՝ անցյալի սխալներն ուղղելու իմաստով։ Նման բան իսկապես չկա, դրա պատմական նախադեպը ևս չկա։ 

Սրա համար կա շատ պարզ պատճառ՝ դա բոլորովին կապ չունի Հայաստանի կամ նման թերզարգացած երկրների հետ։ Գոյություն ունի բանկիրների ու իրավաբանների մի ամբողջ արդյունաբերություն՝ Նյու Յորքից Ցյուրիխ ու Լոնդոն, որոնց աշխատանքն է վերցնել աշխարհի աղքատ ժողովուրդներից գողացված գումարները և դնել այն աշխարհի խոշոր բանկերի դարակներում։ Ցավոք, դա չի փոխվելու, նրանք իրենց գործի մասնագետն են և ստեղծում են իրավական դաշտ, որտեղ գրեթե անհնար է բացահայտել՝ ով ինչ ունի, և որտեղ։ Հայաստանում ամենախոշոր կոռուպցիոն գործերը կապված են սեփականությունների հետ, որոնք ոչ ոք չի կարող նույնականացնել։

Հին ասացվածք կա՝ ազնիվ գողը գողանում է ատրճանակի օգնությամբ, իսկ անազնիվ գողը՝ ինքնահոս գրչով։ Այս դեպքում, մեզ թալանել են բազմաթիվ մարդիկ իրենց գրիչներով՝ նստած իրենց ճոխ գրասենյակներում՝ թանկարժեք կոստյումները հագին։ 

․․․

Առկա են նաև այլ էական հանգամանքներ, որոնցից կարելի է դասեր քաղել։ Առաջին՝ նախկին նախագահի դատական անձեռնմխելիությունը նրա պաշտոնեական դիրքից բխող գործողությունների համար։ Եթե ներկա իշխանությունները ճիշտ ձևով մոտենային հարցին, ճիշտ խնդիրներ թիրախավորեին, ամենայն հավանականությամբ՝ ավելի մեծ հաջողության կհասնեին։

Երկրորդ խնդիրը տեսնում ենք ի դեմս դատական համակարգի, որը երկրում ամենաքիչ վստահություն վայելող կառույցներից է։ Որքան հիշում եմ՝ դատարանները մարդկանց չորս տոկոսի վստահությունն էին վայելում վերջին հարցման արդյունքներով։ Անկախ նրանից՝ ինչ տեղի ունեցավ հեղափոխության ընթացքում կամ դրանից հետո, խորքային պետությունը դեռ կա։ Որովհետև ինչ էլ փորձի անել ներկա իշխանությունը, բյուրոկրատների 75  տոկոսը չի փոխվում, նրանցից շատերը սերտորեն կապված են նախկին ռեժիմի հետ, հատկապես իրավական համակարգում, և նրանք համակարգային կերպով  ընդդիմանում են բարեփոխումներին, խոչընդոտում փոփոխությունները։ Սա ինչ-որ առումով դաս է, որ հեղափոխությունը բավարար չէ, բարեփոխումների գործընթացը շատ երկար է և մեկ գիշերվա մեջ չի կարող արվել։ 

Մեր քաղելիք վերջին դասն այն է, որ այս ամենն ունի նաև դրական կողմ։ Չնայած, ինչպես ընդգծեցի, դատական  այս գործի ընթացքում ի հայտ եկած անկարողությանն ու սխալ մոտեցումներին՝ իրականում լավ նշան կա ունենալու դատական համակարգ, – անկախ նրանից, թե ինչպես այն հանգեց այս որոշմանը,- որը կարող է առոչինչ դարձնել կամայական կամ սահմանադրական հիմք չունեցող դատական գործը։ 

Որքան էլ որ քննադատենք, դատական համակարգը, որը կարող է գործող իշխանություններին ոչ ասել, լավ սկիզբ է՝ անկախ այդ խնդրի սկզբնաղբյուրից։ 

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի