Ռուսական ընկերությունները հետաքրքրված են ԼՂ հարակից շրջաններում բիզնես նախագծերով․ Ռուդենկո

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ստեղծվել են պայմաններ խաղաղ կյանքի ապահովման համար։ Այս մասին «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխվստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդ ճանապարհի միայն սկզբում են։ Այդ ճանապարհին պետք է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ»,- ասել է Ռուդենկոն։

Տարածաշրջանի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի, ձեռնտու է բոլոր կողմերին․ «Հարավային Կովկասը երկար ժամանակ տառապում էր և այժմ էլ տուժում է ՝ փոխադարձ շրջափակումներից, նորմալ համագործակցություն հաստատելու անհնարինությունից։ Այսօր կան նշաններ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ. տրանսպորտային միջանցքները և տնտեսական կապերը պետք է բացվեն և զարգացման բոլոր ուղղություններով՝ «կապելով» տարածաշրջանի երկրները միասնական տարածաշրջանային ցանցի մեջ»,- նշել է նա։

Անդրեյ Ռուդենկոյի խոսքով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում դիտարկվում և վերլուծվում են փոխադրումների բոլոր հնարավոր երթուղիները։

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի և ՌԴ նախագահի ջանքերով արցախյան վերջին պատերազմը դադարեցվեց, Ռուդենկոն կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ անելիքներ ունի․ «Վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը պետք է շարունակի առաջատար դեր խաղալ ճգնաժամի հետևանքների հաղթահարման, հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով տևական կարգավորման ուղիների որոնման գործում»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Լաչինի միջանցքով հայ զինվորականներին քաղաքացիական անձանց անվան տակ տեղափոխելու մասին «Մոսկվա-Բաքուի» հարցին՝ Ռուդենկոն ասել է․ «Ռուսական խաղաղապահ զորախումբը, որը պատասխանատու է իրեն վստահված տարածաշրջանում անվտանգության համար, միջոցներ է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացումը թույլ չտալու համար: Այդ աշխատանքն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Կարևոր գործոն է կողմերի՝ ռուսաստանցի խաղաղապահների հետ պարբերական շփումները պահպանելու տրամադրվածությունը, վերջիններիս կողմից համապատասխան առաջադրանքները կատարելու համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը: Այս աշխատանքում անխուսափելիորեն կարող են առաջանալ հարցեր, որոնք պահանջում են համատեղ լուծումներ։ Մեր խաղաղապահներն ու անձամբ խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը վայելում են երկու կողմերի բարձր վստահությունը, ինչն օգնում է առաքելության կատարման շրջանում կայուն իրավիճակի պահպանմանը»։

Ռուսաստանցի դիվանագետը հայտնել է նաև, որ ռուսական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու, այդ տարածքներում տարբեր բիզնես նախագծերում ներդրումներ կատարելու հարցում․ «Հուսով ենք, որ առաջիկայում կտեսնենք կոնկրետ գաղափարներ։ Դա լրացուցիչ հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի և Ադրբեջանի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման համար»,- նշել է նա։

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել