Մարտի 1-ի գործը՝ դատարանում․պաշտպաններն ու դատախազները վիճում են անվավեր ճանաչված 300.1 հոդվածի շուրջ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը ապրիլի 2-ին վերսկսվեց, սակայն մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի բացակայության պայմաններում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին խնդրեց կարծիք հայտնել նրանց բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը ասաց, որ իրենց անհասկանալի են դատավորի գործողությունները. «Մենք մի բանի համար ենք այստեղ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ զուգահեռաբար կա մեկ այլ մեղադրանք, մյուսը չկա (նկատի ունի ՀՀ քրեական օրենսգրքի՝ Սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածը, որով մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանը և որը անվավեր ճանաչվեց – Գ.Թ.), հակառակ դեպքում այստեղ մենք չէին լինի։ Լինեինք ինչի՞ համար, գոյություն չունեցող հոդվածի՞»,- նշեց Վարդևանյանը։

«Մենք ի՞նչ միջնորդություն ներկայացնենք։ Օրենքը ասում է՝ Դուք պիտի դադարեցնեք քրեական հետապնդումը։ Այս րոպեին իմ պաշտպանը Ձեր կողմից ապօրինաբար հետապնդվում է մի հոդվածով, որը գոյություն չունի։ Էս ինչի՞ եք վերածել դատարանը։ Հենց հիմա քրեական հետապնդումը դադարեցրեք ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով»,- հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

Դատարանը պետք է քննարկեր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, ինչպես նաև մեղադրող կողմի միջնորդությունները, որոնք վերաբերում են Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն անվավեր ճանաչելուն։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց, որ պաշտպանական կողմը դատարանին «փորձում է համոզել, որ որոշումը կայացնի թաքուն»։ Ըստ Բաղդասարյանի՝ դատարանը պետք է գնա խորհրդակցական սենյակ, նոր միայն խնդրին լուծում տա։

«Խորհրդակցական սենյակ հեռանում են դատական նիստերի դահլիճից, խորհրդակցական սենյակ թաքուն չեն հեռանում, այ դա կլինի իրավական որոշում։ Մենք էլ ենք գտնում, որ ՍԴ-ի որոշումը առաջացրել է 300.1 հոդվածով վարույթը բացառող հանգամանք, դատարանը դրա վերաբերյալ պետք է որոշում կայացնի, բայց պաշտպանության կողմը փորձում է հեռանալ դրանից, նրանք պատկերացնում են մեխանիկորեն գաղտնի կայացված քրեական հետապնդման դադարեցում, նույնիսկ դրա որոշումը չեն պատկերացնում»,- ասաց Բաղդասարյանը։

—-

Ապրիլի 2-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան:

Դավթյանը դատարանում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածներ։ Դատախազության տեքստը հագեցած էր տարաբնույթ հոդվածների հղումներով, որը ոչ իրավաբան ընթերցողին միգուցե հասկանալի չլինի։

Դատախազությունն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքը և դատական պաշտպանությունից հավասարապես օգտվում է նաև տուժող կողմը։ Այնինչ, ըստ Դավթյանի, գործող իրավակարգավորումների պայմաններում «հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը՝ զրկվել իր իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքից»;

Պարզ ասած՝ դատախազությունը հայտնում է, որ ՀՀ քրեական դատարավության օրենսգրքի որոշ հոդվածներ մեղադրող կողմին թույլ չեն տալիս Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով արդեն անվավեր ճանաչված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը փոփոխել ու հնարավորություն տալ, որ դատավարությունը շարունակվի։

Ուստի դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի բարձր ատյանը լուծում տա բարձրացված հարցին՝ նշելով, որ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում»:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել