Մարտին՝ 2020-ի մարտի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 5,8 %

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2020թ. մարտից 2021թ. մարտ, կազմել է 5,8 %։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Սննդամթերքի գները նշված ժամանակահատվածում աճել են 7,4 %-ով, ինչին մեծապես նպաստել են ձկան և ծովամթերքի, կաթնամթերքի, յուղերի և ճարպերի, մրգի՝ 1.6-6.9% գնաճերը:

Մրգի ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ արձանագրվել է 10,9 %, իսկ բանջարեղենի ապրանքախմբում՝ 1,4 % գնաճ։ Յուղերի և ճարպերի ապրանքախմբում այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24,6 % գնաճ։ Ձեթի միջին գնաճը կազմել է 62,2 %:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում ևս կտրուկ՝ 40,9 % գնաճ է արձանագրվել։ Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16,5 % գնաճ: Ձվի գինը աճել է 78,2%-ով:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ արձանագրվել է 2,6%, իսկ մսամթերքի ապրանքախմբում՝ 3,4 % գնաճ։ Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9,4 %․ հացի և ալյուրի գներն աճել են համապատասխանաբար 8,6 % և 14,4 %:

Ոչ պարենային ապրանքների գները նույնպես աճել են՝ 8,4%։ Մասնավորապես, 2021թ. մարտին նախորդ տարվա մարտի համեմատ բենզինը 4,9 %-ով թանկացել է։ Մատուցված ծառայությունների ոլորտում նույն ժամանակահատվածում արձանագրվել է սակագների 2,2 % հավելաճ:

2021թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքը կազմել է 527,7 դրամ, ինչը 7.9%-ով բարձր է 2020թ. մարտի համապատասխան ցուցանիշից՝ 489 դրամ:

Մեկնաբանել