Վարչապետը հրաժարական կտա ապրիլի վերջին․ Մակունց

Լիլիթ Մակունց-Lilit Makunts

Վարչապետի հրաժարականի հստակ օրը որոշված չէ, բայց կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունենալու ապրիլի վերջին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Որևէ որոշում կամ քննարկում այդ թեմայով տեղի չի ունեցել։ Պարզապես հունիսի 20-ը՝ որպես ընտրության օր հաշվի առնելով, կարող եմ ենթադրել, որ դա տեղի է ունենալու ապրիլի վերջին։ Հրաժարականի հստակ օրվա հետ կապված որևէ բան չգիտեմ»,- նշեց Մակունցը։

Ըստ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում նոր վարչապետ և օրենքի ուժով արձակվում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո»։

Լիլիթ Մակունցը հայտնեց նաև, որ նախընտրական ցուցակի կազմմանն անդրադառնալու են մայիսից ոչ շուտ։ Նա չբացառեց, որ ցուցակում կլինեն նոր անուններ․ «Ինձ համար ակնհայտ է, թե ով է լինելու առաջին համարը, բայց վերջնական որոշումը կայացնելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը։ Ինչ վերաբերում է ցուցակի ընդհանուր կազմին, ապա դրան չենք անդրադառնալու մայիսից շուտ»,- ասաց խմբակցության ղեկավարը։