Եռաբլուր․ հաղթանակն ու պարտությունը ննջում են կողք կողքի

Այսօր մեռելոց է: 44-օրյա աղետից հետո առաջին մեռելոցը: Մարտի դաշտում ընկածներին սգալու համար հարյուրավոր մարդիկ են հասնում Եռաբլուր, հիշում պատերազմի դրվագներ, պատմում տղաների հերոսությունների մասին: Ծնողները լուռ սգում են Հայաստանի դրոշների ու ծխացող խունկի տակ ննջող իրենց զավակների մահը: Ծանր, շատ ծանր տեսարան է:

Միգուցե արժեր, որ տղաների առաջին մեռելոցը ոչ աշխատանքային լիներ։ Ինչևէ։

Եռաբլուրում հասկանում ես, որ անցած տարիների՝ «Բաքվում չայ խմելու» մեր պոռոտախոսությունը, ինքներս մեզ առասպելներով կերակրելու ու իրականությունից խուսափելու պահվածքն արժեցավ ավելի քան չորս հազար կյանք:

Այդքան կյանք ենք հանձնել պատերազմի երախը, նույնքան երազանք թաղել Եռաբլուրի բարձունքում: Սա իրականությունից կտրվելու հաշիվ է, որ դրել են մեր դեմ: «Արցախը Հայաստան է և վերջ», «Հայոց բանակն անպարտելի է» և «Աղդամն իմ հայրենիքն է» թեզերով եկանք այս հանգրվանին: Արցախը նվազեց մինչև պատմական մինիմում, Եռաբլուրն ընդարձակեց ու հասավ պատմական մաքսիմումի:

Եռաբլուրը փոխվել է: Վերջին քսանհինգ տարիներին հաղթանակի հետ ասոցացված վայրն այժմ այլ է: Այնտեղ է նաև պարտությունը: Հաղթանակն ու պարտությունը ննջում են հենց այդ բլուրում՝ հարստացնելով հողը: Հողը հարուստ է իր մեռելներով: Չեմ հիշում՝ ով է այս մտքի հեղինակը, բայց հաստատ մահը տեսած ու զգացած մեկն է:

Հաղթանակն ու պարտությունը գերեզմանած Եռաբլուրում ենք, դանդաղ քայլում ենք, լռություն է, լարված ենք: Միայն տղաների հայացքն է խախտում այն: Մեսրոպը հանդարտ է, Դավիթն ուրախ՝ սպիտակ ավտոմեքենայի մոտ զինվորական համազգեստով կանգնած, ու երևի չի էլ նկատել, որ իրեն լուսանկարում են: Շանթը լուռ է, Էդգարը՝ ժպտում, ավելի բարձրում Կամենդանտ Աշոտն է, հսկում է տղաների «քունը»: Դիմացն Ալբերտն է՝ հայտնի նկարի տղան: Մի քանի ամիս նա շատերի ֆեյսբուքյան էջերի գլխավոր նկարն էր:

Եռաբլուրում ոչ միայն հաղթանակն է, նաև պարտությունը: Բայց մենք երկուսն էլ թաղեցինք: Ո՛չ հաղթանակը գնահատեցինք, ո՛չ էլ պարտությունն ենք ուզում ճանաչել: Ինչպես ընդունված է ասել՝ դասեր քաղել: Հաղթանակի ժամանակ միֆեր էինք ստեղծում, կեղծիքի գիրկն ընկնում հաճախ: Այդպես հեշտ էր, շատ ավելի հեշտ, քան իրականության հետ առերեսվելը, որը միշտ դաժան է:

Ասում էինք՝ բանակն անպարտելի է ու թեման փակում: Մատների արանքով էինք նայում նույն բանակում ծառայության որակին, սպայակազմի կրթության խնդիրներին, բանակում նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Գլուխ էինք գովում մեր ՏՏ ոլորտով, որտեղ, պարզվում է, գերիշխում են օնլայն մոլախաղերը, իսկ «հիմար» ադրբեջանցիները դրոններով պատերազմել են սովորում:

Այժմ էլ առասպելների գիրկն ենք ընկնում, մենակ թե չտեսնենք պարտությունը: «Բանակը չի պարտվել, պարտվել է իշխանությունը», «ժողովուրը չի պարտվել, պարտվել է իշխանությունը»: Նման հայտարարություններ էին հնչում նաև 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո՝ «բանակը պատարստ էր կռվել, բայց հրաման չտվեցին», «հողերը ծախեցին» ու այդպես շարունակ:

Այնքան բարձր ենք աղմկում դասեր քաղելու անհրաժեշտության մասին, որ անգամ չենք լսում միմյանց:

Եռաբլուրում թաղեցինք հաղթանակն ու պարտությունը: Չորս հազար լույս մարեց, երազանք կործանվեց: Հողը հարստացավ մեռելներով, մենք աղքատացանք:

Մեկնաբանել